Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Հայաստանը նոր հարթակներ է փոխանցում ռուսական ավիաբազային` դրա արդիականացման և համալրման նպատակով. ՊՆ

22.11.2013, 17:28
Հայաստանը լրացուցիչ հարթակներ է փոխանցում Երևանում տեղակայված ռուսական ավիաբազային` դրա արդիականացման և համալրման նպատակով, հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Հայաստանը նոր հարթակներ է փոխանցում ռուսական ավիաբազային` դրա արդիականացման և համալրման նպատակով. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը լրացուցիչ հարթակներ է փոխանցում Երևանում տեղակայված ռուսական ավիաբազային` դրա արդիականացման և համալրման նպատակով, հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով` Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան տեղաբաշխված է տարբեր կետերով` ռազմական քաղաքներով։ Հովհաննիսյանը նշեց, որ ռուսական ռազմակայանի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո մի քանի անգամ փոխվել են տեղաբաշխման կետերը, ինչը պայմանավորված էր Հայաստանի անվտանգության ապահովման հարցում ռազմաբազայի խնդիրների փոփոխությամբ։

«Մասնավորապես` «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման և նոր սպառազինությամբ այն համալրելու նպատակով առաջիկայում նախատեսվում է ռուսական կողմին ժամանակավոր օգտագործման համար տրամադրել ՀՀ ԶՈւ կողմից չօգտագործվող տարբեր նշանակության տարածքներ (ուղղաթիռային սավառնակախմբի կանգառ, վարչատնտեսական և վառելիքաքսուքային նշանակության շինությունների համար նախատեսված տարածքներ)», – նշեց Հովհաննիսյանը։

Նա ավելացրեց, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել այս համաձայնագրի նախագծին։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը նաև հիշեցրեց, որ «Էրեբունի» օդանավակայանում ժամանակավոր օգտագործման նպատակով տրամադրված տարածքներից բացի կան հարթակներ, որոնք նախատեսված են համատեղ օգտագործման համար, օրինակ` թռիչքուղին։ 

«Հայկական և ռուսական կողմերի միջև այդ տարածքների միաժամանակ օգտագործման պայմանները կարգավորվում են իրավաբանորեն», – նշեց Հովհաննիսյանը։

Նախօրեին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ռուսական 102–րդ ռազմաբազային Երևանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանում լրացուցիչ հարթակներ տրամադրելու մասին։

Որոշումն ընդունվել է հայ–ռուսական միջպետական հանձնաժողովի 8–րդ նիստի արձանագրության շրջանակներում։ Այն նախատեսում է, որ ռուսական կողմը Հայաստանում գործող 102–րդ ռազմաբազան կուժեղացնի ուղղաթիռային սավառնախմբով։

«Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ՌԴ ավիաբազան Գյումրու 102–րդ ռուսական ռազմաբազայի օդային բաղադրիչն է։

Ավիաբազայի անձնակազմը հակաօդային պաշտպանության մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միասնական համակարգի շրջանակներում։ –0–