Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+18

Վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ. Շարմազանով

14.02.2017, 20:46
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ, ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ, երեքշաբթի ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նա նաև մեկնաբանեց ցուցակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի բացակայությունը։ 

«Այդպես է որոշել կուսակցության նախագահը։ Մենք քննարկել ենք հարցը և որոշել, որ այսպես նպատակահարմար է։ Ինչ վերաբերում է Կարապետյանին, ապա պատճառը դուք ինձնից ավելի լավ գիտեք», – նշեց Շարմազանովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կարապետյանը, ով մինչև իր նշանակումը բնակվում էր Մոսկվայում, Սահմանադրության դրույթների համաձայն, չի կարող մասնակցել ԱԺ ընտրություններին։

ՀՀ Սահմանադրության` 2015 թ.–ին փոփոխության ենթարկված 48–րդ հոդվածի համաձայն, պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած ցանկացած անձ, ով վերջին չորս տարվա ընթացքում հանդիսանում է միայն ՀՀ քաղաքացի, վերջին չորս տարվա ընթացքում մշտապես բնակվում է ՀՀ–ում, ունի ձայնի իրավունք և տիրապետում է հայերեն լեզվին։

Միաժամանակ Շարմազանովը հիշեցրեց նախագահի խոսքերն այն մասին, որ եթե ՀՀԿ–ն բավարար ձայներ հավաքի ԱԺ ընտրությունների ժամանակ և ձևավորի կառավարություն, ապա այն կգլխավորի Կարեն Կարապետյանը։ 

Շարմազանովի խոսքով, ՀՀԿ–ի ցուցակը բավականին մրցունակ է, ցուցակում ներառված են մտավորականության ներկայացուցիչներ, պատգամավորներ, քաղաքագետներ։ «Նման ցուցակով ՀՀԿ–ն կարող է լուրջ հաջողությունների հասնել ընտրություններում», – նշեց Շարմազանովը։

Նա նաև ավելացրեց, որ կուսակցական աշխատանքը չի խանգարի պաշտպանության նախարարին, ով գլխավորել է ՀՀԿ համամասնական ցուցակը, կատարել իր պարտականությունները։

«Պաշտպանության նախարարն առաջին հերթին քաղաքական գործիչ է։ Վիգեն Սարգսյանը, օրենքով սահմանված կարգով և նախատեսված ժամկետներում, կզբաղվի քարոզչությամբ, ինչպես բոլոր պաշտոնատար անձինք, որոնք ներառվել են ՀՀԿ–ի ցուցակում», – ասաց Շարմազանովը։–0–