Ադրբեջանը հրետակոծել է Հայաստանի տարածքը

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 2–ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեծածավալ ագրեսիվ գործողություններ ադրբեջանական բանակը սկսել է հրետակոծել Հայաստանի տարածքը։
Այդ մասին Facebook-ի իր էջում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82մմ ականանետեր»,– գրել է Հովհաննիսյանը։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:
ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։
Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, 18 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, 5 միավոր այլ զրահատեխնիկա, այդ թվում` 3 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմը կորցրել է 7 տանկ, ունի 20 զոհ, 72–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա։ –0–