Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցության մակարդակը. դեսպան

17.02.2015, 16:58
Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցության մակարդակը, երեքշաբթի ասաց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցության մակարդակը. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցության մակարդակը, երեքշաբթի ասաց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Միլզի խոսքերով` ԱՄՆ-ն կարևորում է նաև փոխհարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը:

Դեսպան Միլզը հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում ներդնելու է առավելագույն ջանքերը՝ մինչ օրս կատարված աշխատանքի արդյունքում արձանագրված լուրջ ձեռքբերումները պահպանելու և երկկողմ գործակցությունն ավելի ամրապնդելու համար:

Աբրահամյանն իր հերթին շնորհավորել է Ռիչարդ Միլզին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն ստանձնելու առթիվ ու համոզմունք հայտնել, որ իր գործունեությամբ դիվանագետը կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների էլ ավելի խորացմանը:

Վարչապետը կարևորել և բարձր է գնահատել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը, բարեփոխումների իրականացմանը և տնտեսական զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին և առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Տնտեսական կապերի սերտացման համատեքստում երկուստեք կարևորվել է բարեփոխումների իրականացման, ներդրումների ներգրավման, գործարար միջավայրի բարելավման, արտահանման խթանման ուղղությամբ համագործակցության խորացումը, ինչպես նաև էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում ծրագրերի իրականացումը:

Այս առումով ընդգծվել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովի դերը:

Դեսպան Միլզի խոսքով՝ ժողովրդավարության ամրապնդման և քաղաքացիական հասարակության կայացման ցուցանիշը Հայաստանում բարձր է, և ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ իշխանությունների կողմից այս ուղղությամբ կատարվող քայլերը:

Վարչապետը նշել է, որ կառավարությունն ակտիվ համագործակցում է քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի, հասարակական կազմակերպությունների հետ և շահագրգռված է հասարակական կարևոր խնդիրների քննարկման գործընթացներում նրանց ներգրավմամբ: --0--