Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+24

Ապրիլի 19-ից 26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ

01.04.2015, 16:43
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Նևադայի նահանգապետ Բրայեն Սանդովալը հռչակագիր է ստորագրել, որի համաձայն ապրիլի 19-ից 26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ:
Ապրիլի 19-ից 26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Նևադայի նահանգապետ Բրայեն Սանդովալը հռչակագիր է ստորագրել, որի համաձայն ապրիլի 19-ից 26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նույնաբովանդակ հռչակագրով է հանդես եկել նաև Նևադայի փոխնահանգապետ, Նահանգային սենատի նախագահ Մարկ Հաթչիսոնը: Երկու հռչակագրերում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները և Թուրքիային կոչ անել ճանաչել պատմական փաստերը:

«Հայերի ծրագրված սպանությունը և տեղահանությունը, որ տեղի են ունեցել 1915-1923թթ., խլել են 1,5 մլն մարդու կյանք, տեղահանվել են ավելի քան 500 հազար հայեր: Շատերը հաստատվել են ԱՄՆ-ում, և այսօր Նևադայում է ապրում աճող և ակտիվ հայ համայնք, որը ծայրահեղ անարդարությունից հետո գոյատևելու և վերապրելու վառ օրինակ է», - գրված է Նևադայի նահանգապետ Բրայեն Սանդովալի հռչակագրում:

Իբրև Նևադայի նահանգապետի տեղակալ և նահանգային սենատի նախագահ` Մարկ Հաթչիսոնն իր հերթին Նևադայի բնակիչներին կոչ է արել բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկումը և մասնակցել անմեղ զոհերի հիշատակի միջոցառումներին: Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—