«Հիմնադիր խորհրդարանի» ակտիվիստների ձերբակալությունը հիմնավորված էր, այլընտրանք չկար. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության ակտիվիստների ձերբակալությունը հիմնավորված էր, այլընտրանք չկար, երեքշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։
Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը, հինգ մարդ է ձերբակալվել Հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցի օրը` 2015թ.-ի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգություններ նախապատրաստելու դեպքի կապակցությամբ, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում։ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (զանգվածային անկարգությունների կազմակերպման պատրաստում) ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը և Գարեգին Չուքասզյանը։
«Հարուցվել է քրեական գործ, և, ըստ իրավապահ մարմինների, այս գործն ունի լուրջ իրավական հիմքեր։ Ժիրայր Սեֆիլյանն ու «Հիմնադիր խորհրդարանը» իրենց գործողություններով պարզապես այլընտրանք չթողեցին իրավապահ մարմիններին։ Նրանք արեցին ամեն ինչ, որպեսզի իրադարձությունները զարգանան հենց այս սցենարով», – ասել է Մելիք–Շահնազարյանը։
«Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպությունը, որը գլխավորում է ղարաբաղյան պատերազմի նախկին մասնակից Ժիրայր Սեֆիլյանը, կոչ է անում ապրիլի 24–ին անցկացնել հակակառավարական ակցիաներ։ Հիմնական ընդդիմադիր ուժերը արմատականներից առանձնացել են։
Միաժամանակ Մելիք–Շահնազարյանը բացառել է ակտիվիստների նկատմամբ «քաղաքական դատաստանի» հավանականությունը, քանի որ Սեֆիլյանը կամ նրա գլխավորած կազմակերպությունը «չեն իրականացրել այնպիսի գործունեություն, որը դատաստան է նախատեսում»։
Նրա խոսքով` Սեֆիլյանի և «Հիմնադիր խորհրդարանի» նպատակները քաղաքական են, սակայն գործունեությունն ու մեթոդները, որոնցով նրանք ղեկավարվում են, հեռու են այդպիսին լինելուց։
«Նրանք անհնազանդության, անհրաժեշտության դեպքում անգամ ոստիկանությանը դիմակայելու կոչեր են արել։ Այսինքն, ըստ էության, կանխել են խոշոր պետական միջոցառումների ընթացքում նմանատիպ գործունեություն իրականացնելու փորձը։ Կարծում եմ, որ և՛ Սեֆիլյանը, և՛ նրա կողմնակիցները շատ լավ գիտակցում էին, թե ինչ է նրանց սպասվում», – ավելացրել է նա։
Փորձագետը նաև հույս է հայտնել, որ ձերբակալվածները ազատ կարձակվեն ապրիլի 25–ին, և «Հիմնադիր խորհրդարանը» կվերադառնա քաղաքական պայքարի ոլորտ։
Բոլոր ձերբակալվածները որոշել են օգտվել փաստաբանների ծառայություններից։ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքասզյանի պաշտպանությունը ստանձնել են փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Հայկ Գրիգորյանը, Պավել Մանուկյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Հայկ Գրիգորյանը, իսկ Գևորգ Սաֆարյանինը՝ փաստաբան Գևորգ Դավթյանը։ Վարուժան Ավետիսյանի շահերը ներկայացնում է 4 փաստաբան՝ Տիգրան Եգորյանը, Հայկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը և Գևորգ Դավթյանը։
Առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ շարունակվում են իրականացվել անհետաձգելի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։–0– Ա.Թ.
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
21:28 07.04.2015