ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել Հայաստան կատարած այցի արդյունքներով։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Երևան կատարած ճանաչողական այցի շրջանակում հունիսի 12-14–ը հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Հայտարարությունում նշվում է, որ համանախագահները և Հայաստանի պաշտոնատար անձինք քննարկել են բանակցությունների ընթացքը և գործընթացի առաջմղման հետագա քայլերը։ Նաև կարծիքներ փոխանակվեցին հայ–ադրբեջանական սահմանում և շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կարևորվեց կառուցողական միջավայրի պահպանումը։
«Միջնորդները կրկին հայտարարել են կողմերին` հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու իրենց վճռականության մասին Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա, ներառյալ ուժի և ուժի սպառնալիքի, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքները»,– ասվում է փաստաթղթում։
«Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարել են համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությանն իրենց օժանդակությունը ցեւցաբերելու և միջնորդների հովանու ներքո աշխատելու պատրաստակամության մասին»,– ասվում է հայտարարությունում։ -0-