ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ համաձայնության հասնել չհաջողվեց. ՀՀ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ներկայացուցիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդում իր ելույթի ընթացքում հայտնել է, որ, չնայած իրենց ներդրած ջանքերին, անհնար է եղել համաձայնության հանգել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ, ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Ինչպես հունվար ամսին Մշտական խորհրդում կատարած հայտարարության մեջ, այնպես էլ այսօր ավստրիական նախագահությունը բարձր է գնահատել հարցին լուծում գտնելու ուղղությամբ Հայաստանի ներդրած կառուցողական ջանքերը: Հայաստանի մոտեցումներն ըստ արժանվույն են գնահատվել նաև այլ մասնակից երկրների կողմից»,– նշեց Բալայանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մշտական խորհրդում կազմակերպության երևանյան գրասենյակի շուրջ զարգացումները։
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակվում է Ադրբեջանի պահանջով։
Բալայանն ընդգծեց, որ իր խիստ ապակառուցողական մոտեցումներով Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ:
«ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը` բոլորը սատարում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը, և միայն Ադրբեջանն է, որ, չարաշահելով կազմակերպության կոնսենսուսի սկզբունքը, որի համաձայն նույնիսկ մեկ երկիր կարող է խափանել որոշումների ընդունումը, դեմ է հանդես գալիս ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության շարունակմանը, դրանով իսկ հակադրվելով ամբողջ կազմակերպությանը»,– նշեց հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարը։
Նա հայտնեց նաև, որ ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակությունը հանդես է եկել ելույթով, որտեղ, մասնավորապես, անդրադարձ է կատարել այն բոլոր քայլերին, որոնք Հայաստանը ԵԱՀԿ նախորդ՝ գերմանական և ներկայիս՝ ավստրիական նախագահությունների հետ միասին իրականացրել է երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման նպատակով: «Հայկական կողմը նաև ներկայացրել է գրասենյակի փակմանն ուղղված Ադրբեջանի նպատակաուղղված գործողությունները, որոնք գնալով ավելի լայն թափ են հավաքել նույնիսկ այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ավստրիական ու գերմանական նախագահությունները հստակորեն հերքել են գրասենյակի հասցեին ուղղված Բաքվի արհեստածին մեղադրանքները»,– ասաց Բալայանը։
Նա նշեց, որ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո, փաստացի արգելափակելով նաև երևանյան գրասենյակի գործունեությունը, Ադրբեջանը զրկում է ԵԱՀԿ-ին Հարավային Կովկասում լիարժեք առաքելության ներկայությունից, ինչը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ ոչ միայն մեր տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեության, այլև ընդհանրապես կազմակերպության և նրա կառույցների վրա:
«ԵԱՀԿ ավստրիական նախագահության և մասնակից երկրների ջանքերը՝ Բաքվին կառուցողական դաշտ վերադարձնելու և Երևանում ԵԱՀԿ գրասենյակի բնականոն գործունեությանը չխոչընդոտելու ուղղությամբ, ապարդյուն անցան»,– նշում է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Նա հիշեցրեց, որ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով ոտնահարում է ԵԱՀԿ սկզբունքներն ու հանձնառությունները, այդ թվում` հիմնարար ազատությունները, և այս առումով մշտապես գտնվում է միջազգային քննադատության թիրախում: «Իսկ այժմ, խոչընդոտելով նաև ԵԱՀԿ գործունեությունը և հերթական անգամ մարտահրավեր նետելով միջազգային հանրությանը, Բաքուն արձանագրեց միջազգային ասպարեզում իր հերթական ձախողումը` խորացնելով անջրպետը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև»,– ընդգծեց նա։
Բալայանն ավելացրեց նաև, որ Հայաստանը շարունակելու է գործել որպես ԵԱՀԿ ակտիվ և նախաձեռնող անդամ՝ իր նպաստը բերելով կազմակերպության նպատակների իրականացմանը։
«Հայկական կողմը պատրաստ Է դիտարկել Հայաստանում ԵԱՀԿ-ի ծրագրերի իրականացման առաջարկները, որոնք, մասնավորապես, հնչեցվել են ԵԱՀԿ Մշտական խորհրդի ընթացքում»,– հավելեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։ -0-