Երևանը բացասաբար է վերաբերվում Բաքվին զինամթերք վաճառելուն. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանը բացասաբար է վերաբերվում Ադրբեջանին Ռուսաստանի կողմից սպառազինություն վաճառելուն, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք նրա հետ անվտանգության նույն համակարգում (ՀԱՊԿ) ենք։ Բնականաբար` ցավոտ ենք վերաբերվում նրան, որ Ռուսաստանը, և ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև այդ կառույցի երկրները, զենք են վաճառում Ադրբեջանին»,– ասել է Սարգսյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Ինտերֆաքսին։
«Բայց դու հասկանում եք, որ այդ գործընացների վրա ազդելու մեր հնարավորությունները սահմանափակ են»,– ասել է նախագահը, ավելացնելով, որ Ադրբեջանն այսօր տիրապետում է սպառազինության ավելի ժամանակակից տեսակների։
«Մարտական գործողությունների այս երեք օրերը ցույց տվին, որ այդ սպառազինությունը գործի է դրվում։ Բայց ուժը ոչ թե ժամանակակից սպառազինությունն է, բացարձակ ոչ դա, ոչ տանկերի թիվը, այլ հավատը, որ ունի հայ ժողովուրդն առ այն, որ ցանկացած գնով պաշտպանելու ենք հայրենիքը»,– ընդգծել է Հայաստանի նախագահը։
Ըստ նրա, Հայաստանը հիմնականում կռվում է նախորդ դարի 80–ական թվականների զենքով։ «Բայց վերջին երեք օրերի հակամարտությունը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, որոնք են Ադրբեջանի կորուստները, որոնք` մերը, ինչպես ենք մենք վերաբերվում մեր կորուստներին, ինչպես` նրանք։ Մենք մշտապես հաղորդում ենք տվյալներ մեր զոհերի, վիրավորների, տեխնիկայի կորուստների մասին։ Փորձեք նույն տեղեկությունները գտնել այնտեղ։ Չեք կարող»,– ասել է Սարգսյանը։
«Պատերազմը շատ վատ բան է, բայց այս երեք օրերը ցույց տվին, որ ազատ հասարակությունում ավելի դյուրին է պատերազմել, քան այլ հասարակություններում։ Ուժը դա է»,– հավելել է Հայաստանի նախագահը։
–0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:42 06.04.2016