Գերմանիայի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կազդի Թուրքիայի հետ հարաբերությունների վրա

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լուրջ ազդեցություն կունենա Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների վրա, հինգշաբթի ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քենիա կատարած իր այցի ժամանակ տված մամուլի ասուլիսում։
Գերմանական խորհրդարանը հունիսի 2-ին ընդունել է Օսնմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Փաստաթուղթը կոչվում է «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության և քրիստոնյա այլ փոքրամասնությունների զոհերի հիշատակին»:
«Այդ որոշումը լուրջ ազդեցություն կունենա Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների վրա։ Մեր առաջին քայլը դեսպանին խորհրդատվությունների համար հետ կանչելն է։ Նրա վերադարձից հետո մենք կգնահատենք իրավիճակը»,– ասել է Էրդողանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել էր, որ Անկարան խորհրդատվությունների համար հետ է կանչում Գերմանիայում իր դեսպանին Բունդեսթագի ընդունած որոշման կապակցությամբ։ Թուրքիայում ԳԴՀ–ի դեսպանն այդ կապակացությամբ կանչվել էր թուրքական ԱԳՆ։ -0-