Հակահայկական բանաձևերը կարող են ընդունվել ԵԽԽՎ–ում, բայց կմնան թղթի վրա. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. ԵԽԽՎ–ն կարող է ընդունել հակահայկական բանաձևերը, բայց դրանք, ինչպես և նախորդները, թղթի վրա կմնան, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Հունվարի 26–ին ԵԽԽՎ–ում կքվեարկեն «Բռնության աճը Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ բնակչությունը միտումնավոր զրկվել է ջրից» հակահայկական երկու զեկույցների շուրջ։
«Ավելի կարևոր է այն, որ Ադրբեջանի «խավիարային» դիվանագիտության վերջը եկել է։ Ադրբեջանի «ոսկե» ֆոնդը նվազել է 5 մլրդ դոլարից ցածր, մինչդեռ բոլորովին վերջերս այդ ցուցանիշը կազմում էր 18 մլրդ դրամ»,– ասաց Իսկանդարյանը։
Ըստ նրա, Ադրբեջանի` հայկական բանաձևերը «խցկելու» այս քայլերը վկայում են միայն այն մասին, որ Բաքուն փոխզիջումներ չի փնտրում, այլ պարզապես ցանկանում է շարունակել պատերազմը ոչ ռազմական միջոցներով` օգտագործելով հնարավոր բոլոր հարթակները։
«Կարևոր է նշել, որ այն Ադրբեջանը, որ այս ամենը սկսեց, արդեն չկա։ Այդ երկրում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են կատարվում»,– ասաց Իսկանդարյանը։
Ըստ նրա, նույնիսկ բանաձևերի ընդունման դեպքում կասկածելի է, թե Ադրբեջանը կսկսի դրանցից օգտվել։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-