Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 11, ուրբաթ
եղանակը
Երևանում
+33

Հայաստանը և ԱՄՆ–ն միակարծիք են ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հարցում. Նալբանդյան

05.06.2013, 11:49
Հայաստանը և ԱՄՆ–ն միակարծիք են ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հարցում, Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Հայաստանը և ԱՄՆ–ն միակարծիք են ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հարցում. Նալբանդյան
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը և ԱՄՆ–ն միակարծիք են ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հարցում, Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Հայաստանը և Միացյալ Նահանգները միակարծիք են, որ անհրաժեշտ է շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծման նպատակով՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, մասնավորպես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության»,– Նալբանդյանի խոսքը մեջբերում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ըստ նրա` հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: Ջոն Քերին իր հերթին վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը` շարունակել ամենայն աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր ամբողջական աջակցությունը հակամարտության կողմերի միջև համաձայնության ձեռք բերման և հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով։ Քերին ընդգծել է, որ դա նոր հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման, կայունության և անվտանգության ամրապնդման համար: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին: Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ: 1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-