Հայաստանի հետ կապված շուրջ 40 անձինք հայտնվել են «պանամական օֆշորների» ցուցակում
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. «Պանամական օֆշորների» թարմացված ցուցակում, որը հրապարակվել է offshoreleaks.icij.org կայքում, հայտնվել է Հայաստանի հետ կապված 37 ֆիզիկական և իրավաբանական անձ։
Փաստաթղթում նշվում է 32 հասցե, ինչպես նաև երեք ընկերություն, որտեղ հիշատակվում է «Հայաստան» բառը` ARMENIA GROUP S.A., ARMENIA DEVELOPMENT LTD., GPM ARMENIA LTD, որոնցից երկուսը գրանցված են Բրիտանիայի Վիրգինյան կղզիներում։ Երրորդ ընկերության գրանցման վայրը հայտնի չէ։ Միաժամանակ այդ երեք ընկերություններն անուղղակիորեն կապված են Լյուքսեմբուրգի, Պանամայի և Մեծ Բրիտանիայի հետ։
Ռուսաստանից ցուցակում ընդգրկված է 6285 անձ, Ադրբեջանից` 127, Վրաստանից` 82, Իրանից` 148։
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակած փաստաթղթերում կան նաև ընկերություններ, որոնք պատկանում են Հայաստանի ԴԱՀԿ պետին։ Լրագրողական հետաքննություններով զբաղվող Hetq.am հայկական կայքի տվյալներով, Պողոսյանը Պանամայում գրանցված երեք ընկերությունների` «Sigtem Real Estates Incorporated», «Hopkinten Trading Incorporated» и «BANGIO INVEST S.A.», բաժնետեր է։
Ինչպես հաղորդվել էր, համաշխարհային մի շարք խոշոր ԶԼՄ–ների ձեռքի տակ էին հայտնվել փաստաթղթեր, որոնցում նշվում է, որ Պանամայում գտնվող Mossack Fonseca ընկերությունը կանոնավոր կերպով օգնել է հաճախորդներին փողեր լվանալ, խուսափել պատժամիջոցներից և հարկերից։ Փաստաթղթում զետեղված են պետությունների 72 ներկա կամ նախկին ղեկավարների հղումներ։ -0-