Հայաստանում կբարձրանան զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների ապահովագրավճարները
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարները Հայաստանում զգալիորեն կբարձրանան։ Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, ՀՀ պաշտպանության նախարարը Հանրապետության Նախագահին զեկուցել է Նախագահի հանձնարարությամբ և նախաձեռնությամբ մեկնարկած (ինչպես միանվագ վճարումը, այնպես էլ ամսական վճարները) կտրուկ ավելացնելու ծրագրի մշակումը ՀՀ կենտրոնական բանկի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ավարտելու մասին:
Նախագահի մոտ ամեն շաբաթ այս ձևաչափով տեղի ունեցող աշխատանքային հանդիպման շրջանակներում Պաշտպանության Նախարարը զեկուցել է վերոնշյալ ծրագրի մանրամասները, ինչպես նաև ռազմակրթական հաստատությունների խնդիրների, դրանց լուծման և արդիականացման ուղղությամբ Նախագահի մեկ այլ հանձնարականի համաձայն իրականացվող աշխատանքները:
Վիգեն Սարգսյանը նշել է, որ աշխատանքի արդյունքում հնարավոր դարձավ գտնել բանաձև, որով 2017թ. հունվարի 28-ից՝ հայկական բանակի 25-րդ տարեդարձի օրվանից ծագող դեպքերի համար կնախատեսվեն նոր, զգալիորեն ավելացված վճարներ:
Զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 մլն. դրամ ապահովագրական վճար:
2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն. դրամ ապահովագրական վճար:
Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազար դրամ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ ենթասպաների և 200 հազար դրամ շարքայինների դեպքում:
Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 և 150 հազար դրամ:
Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն. դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն. դրամ և շարքայինների դեպքում՝ 48 մլն. դրամ:
Հաշմանդամների պարագայում, հիմնադրամի արդյունավետ գործունեության և ֆինանսական միջոցների առկայության դեպքում, հիմնադրամի խորհուրդը կկարողանա 20 տարի անց որոշում կայացնել այդ վճարումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:
Հակառակ դեպքում, 20 տարի անց հաշմանդամ զինծառայողները կսկսեն ստանալ սոցիալական ապահովության նպաստ՝ այն չափով, որքան պետության կողմից այդ ժամանակ սահմանված կլինի:
Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է հազար դրամ: Հիմնադրամը նաև հավաքագրելու է կամավոր նվիրաբերություններ:
Գումարը ծախսվելու է բացառապես ապահովագրական վճարները վճարելու նպատակով: Ձևավորվելու է ծրագրի խորհուրդ` հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող անձանցից, որը վերահսկելու է հասարակության համար ևս ամբողջությամբ թափանցիկ և հրապարակային այդ գործընթացը:
Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է իրականացված աշխատանքը և նոր հանձնարարականներ տվել ծրագրի իրականացման փուլի համար:
«Դա չափազանց կարևոր ծրագիր է: Դեռևս երկու տարի առաջ մենք սկսեցինք այս աշխատանքը՝ մշտապես համոզված լինելով, որ զոհվածների և հաշմանդամների սոցիալական խնդիրներով զբաղվելը մեր ուղիղ պարտականությունն է, և որքանով կարողանանք լավ զբաղվել ու որքանով ի վիճակի լինենք նրանց արդեն դժվարացած կյանքը ինչ-որ կերպով թեթևացնել, պարտավոր ենք անել:
«Մենք միշտ էլ փորձել ենք առավելագույնը անել: Համենայնդեպս, այն հանգամանքը, որ զոհվածների և առաջին կարգի հաշմանդամների ու մեծաթիվ երկրորդ կարգի հաշմանդամների բնակարանային խնդիրը հիմնականում կարողացել ենք լուծել, հենց այդ, այսպես ասած, ցանկության և պետության պատրաստակամության արդյունքն է, և ձևը շատ ճիշտ է՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ»,– ընդգծել է նախագահը։
«Այս առումով չափազանց կարևոր եմ համարում օրենքի ընդունումը, բայց զուգահեռաբար պետք է աշխատել Ֆինանսների նախարարության, Կառավարության հետ: Տեսնենք, թե որքանո՞վ կարող ենք բարելավել նաև նախկինում զոհված զինվորների, սպաների ընտանիքների վիճակը. այսինքն, ունե՞նք, արդյոք հնարավորություններ, ոչ այս չափով, որ հիմա է լինելու, ինչ-որ չափով բարձրացնելու վճարները»,– ավելացրել է նա, կոչ անելով հաշվարկել, տեսնել այսօրվա համակարգը, արդյո՞ք, կարող է վատթարացնել որևէ մեկի վիճակը:
«Կարծում եմ, որ շատ քիչ դեպքեր կարող են լինել, և հիմնադրամը իր կանոնադրության մեջ, միգուցե, նաև օրենքը պետք է այս հանգամանքը հաշվի առնեն, և հնարավորություն ընձեռվի, որպեսզի վիճակի վատթարացում չլինի: Շատ կարևոր է, որ, այս փուլում եկել ենք այդ հանգրվանին»,- ասել է նախագահը:
Հիշելով, թե ինչպես ապրիլյան դեպքերի ժամանակ տարբեր հասարակական կառույցներ, անհատներ փորձում էին առանձին-առանձին ինչ-որ կերպ օգնել այն մարդկանց, ովքեր տուժել էին, հաշմանդամ դարձել, նաև այն ընտանիքներին, որոնք զավակ էին կորցրել, նախագահ Սարգսյանը նշել է, որ պետք է համախմբել հնարավորությունները՝ այդ բոլոր մարդկանց առաջարկել, որպեսզի կամավորության սկզբունքով հիմնադրամում մուծումներ կատարեն, և այդ գործընթացը լինի ամբողջությամբ թափանցիկ:
Նախագահի մոտեցմամբ՝ վերոնշյալ հիմնադրամը չպետք է ունենա մեծ աշխատակազմ, ըստ այդմ՝ պետք է քիչ գործառնական ծախսեր կատարի: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:54 08.11.2016