Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը նշել է ԼՂ հակամարտության կարգավորման առաջանհերթ ուղղությունները (ՎԻԴԵՈ)

14.12.2020, 16:55
Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը նշել է ԼՂ հակամարտության կարգավորման առաջանհերթ ուղղությունները (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը նշել է ԼՂ հակամարտության կարգավորման առաջանհերթ ուղղությունները (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաստատված հրադադարին հաջորդած զարգացումները, արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցեր: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց հայկական կողմերի սկզբունքային դիրքորոշումը, որ արցախահայության իրավունքների ու շահերի հասցեագրումը պետք է տեղի ունենա նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացի շրջանակներում:

Որպես հայկական կողմի առաջնահերթություն՝ Արա Այվազյանն ընդգծեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատումը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը և կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը:

«Նախարար Այվազյանը համանախագահների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրեց Ադրբեջանի կողմից՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները խախտելու վարքագծի վրա: Նախարարի խոսքով՝ վերջինիս ակնհայտ դրսևորումն էին նախօրեին արցախա-ադրբեջանական շփման գծում սադրիչ գործողությունները, որոնք իրականացվել են համանախագահների` տարածաշրջան այցելելու օրերին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարբեր մակարդակներով հնչեցվող հայտարարություններում շարունակաբար արտացոլվող ատելության և հայատյաց խոսքին` նախարարը շեշտեց, որ դրանցով ևս մեկ անգամ ապացուցվում է Ադրբեջանի անկարողությունը՝ կառուցողաբար ներգրավվելու խաղաղ գործընթացին և հրաժարվելու ուժի և ուժի սպառնալիքի դիրքերից հանդես գալու քաղաքականությունից:

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հարցերի շրջանակին:–0–