Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

ՀՀ նախագահը պատրաստ է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ. մամուլի քարտուղար

20.02.2013, 14:07
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել նախագահական ընտրություններին երկրորդ տեղը զբաղեցրած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ` նրա համար ցանկացած հարմար ժամանակ, հայտնեց պետության ղեկավարի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը։
ՀՀ նախագահը պատրաստ է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ. մամուլի քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել նախագահական ընտրություններին երկրորդ տեղը զբաղեցրած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ` նրա համար ցանկացած հարմար ժամանակ, հայտնեց պետության ղեկավարի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը։

Րաֆֆի Հովհաննիսյանը չի ճանաչում փետրվարի 18–ին կայացած ընտրությունների արդյունքները։ Նախօրեին ասուլիսի ժամանակ նա հայտնեց, որ համաձայն է ինչպես հրապարակային, այնպես էլ մասնավոր հանդիպում ունենալ Սարգսյանի հետ` «իշխանությունը փոխանցելու հարցը քննարկելու համար»։

«Հանրապետության նախագահը միշտ էլ պատրաստակամ է եղել հանդիպելու բոլոր քաղաքական ուժերի և նրանց առաջնորդների հետ յուրաքանչյուր անհրաժեշտության դեպքում: Այստեղ բացառություն լինել չի կարող, հատկապես երբ խոսքը ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական գործչին է վերաբերում: Այժմ էլ նախագահը պատրաստակամ է ընդունելու պարոն Հովհաննիսյանին իրեն հարմար ցանկացած ժամի, առավել ևս, որ կարիք կա պարզություն մտցնելու հանդիպման նպատակի մասին պարոն Հովհաննիսյանի հնչեցրած բավականին անհասկանալի ձևակերպումների մեջ»,– ասաց Արզումանյանը։

Մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ բոլոր միջազգային դիտորդական առաքելությունները նախագահական ընտրությունները լավագույնն են անվանել Հայաստանի պատմության մեջ։
«Սա կատարված ահռելի աշխատանքի գնահատականն է, որը չի կարող չոգևորել:Այս ֆոնին պարոն Հովհաննիսյանի հայտարարություններն առնվազն տարակուսանք են հարուցում»,– ընդգծեց Արզումանյանը։
 
Նախնական տվյալների համաձայն, բոլոր 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է քվեների 58,64%-ը կամ 861 378 ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը` 36,74 % կամ 539 674 ձայն։--0—