Рейтинг@Mail.ru
USD
367.38
EUR
420.03
RUB
4.7873
GEL
139.47
2026 թ. հուլիսի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
+24

ՀՀ վարչապետը հրաժարական չի ներկայացնի. ՀՀԿ

24.06.2013, 15:46
Կիպրոսում օֆշորային ընկերություն հիմնելու գործում ՀՀ վարչապետի մասնակցության, ինչպես նաև Վերահսկիչ պալատի աղմկահարույց հաշվետվության շուրջ խոսակցությունների կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր հրաժարականի մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, երկուշաբթի լրագրողներին հայտնեց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
ՀՀ վարչապետը հրաժարական չի ներկայացնի. ՀՀԿ
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Կիպրոսում օֆշորային ընկերություն հիմնելու գործում ՀՀ վարչապետի մասնակցության, ինչպես նաև Վերահսկիչ պալատի աղմկահարույց հաշվետվության շուրջ խոսակցությունների կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր հրաժարականի մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, երկուշաբթի լրագրողներին հայտնեց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Hetq.am–ում  մայիսի 29–ին հրապարակված «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի համաձայն, Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը։ Հոդվածում ասվում էր, որ հայկական առևտրային բանկերից մեկը վարչապետի միջնորդությամբ ընկերության հաշիվներին ավելի քան 10 միլիոն դոլար է փոխանցել։

Ավելի վաղ վարչապետը գլխավոր դատախազություն դիմում էր ներկայացրել` հոդվածում հրապարակված տեղեկությունը դիտարկելու և քննելու խնդրանքով։ Վարչապետը հայտնել էր, որ կապ չունի այդ օֆշորային ընկերության հետ, և ոչ ոքի չի հանձնարարել իր անունից օֆշորային որևէ ընկերություն գրանցել ոչ Կիպրոսում, ոչ էլ որևէ այլ վայրում:

«Հայաստանի անկախության հռչակումից ի վեր յուրաքանչյուր վարչապետի օրոք մշտապես խոսակցություններ են տարածվել նրա հրաժարականի մասին։ Չեմ կարծում, որ պետք է վարչապետի փոփոխության սպասել»,– ասաց Սահակյանը։

Մեկնաբանելով Վերահսկիչ պալատի հաշվետվությունը և պետբյուջեի միջոցների ծախսերի բացահայտված դեպքերի համար պետական պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը`է Սահակյանն ընդգծեց, որ Վերահսկիչ պալատը վերջին ատյանը չէ և հրապարակված փաստերը պետք է ստուգվեն և քննարկվեն։

«Քննարկումները շարունակվում են, վարչապետը հանձնարարել է վերանայել բոլոր դեպքերը և անհրաժեշտության դեպքում նյութերը փոխանցել դատախազություն»,– նշեց նա` ավելացնելով, որ ՎՊ–ի հաշվետվության քննարկումներն անմիջապես լուրջ հետևանքներ կունենան, «սակայն խոսքը չի վերաբերում պաշտոնանկությանը»։

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց նաև, որ և խորհրդարանը, և կառավարությունը շահագրգռված են, որպեսզի պետական միջոցների լվացման հաստատված փաստերը քննարկման առարկա դառնան իրավական հարթությունում։

Հայաստանի Վերահսկիչ պալատը հունիսի 13-ին խորհրդարանում ներկայացրել է 2012թ. պետական բյուջեի ծախսերի վիճակի մասին զեկույց։ -0-