Իշխող ՀՀԿ–ն հանգիստ է վերաբերվում կառավարությանն անվստահության քվե հայտարարելու մտադրությանը
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը հանգիստ է վերաբերվում ընդդիմության` կառավարությանն անվստահության քվե հայտարարելու մտադրությանը, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Արտակ Դավթյանը։
ԱԺ չորս խմբակցություններ` ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն ու «Ժառանգությունը» մարտի 24-ին ԱԺ–ում կայացած նիստից հետո համաձայնության են եկել կառավարության հանդեպ անվստահություն հայտնելու հարցում։
Հավանաբար անվստահության քվեն կհայտարարվի ապրիլի 28-ին մեկնարկող խորհրդարանական քառօրյայի ժամանակ։
«Դժվար է ասել` ինչ տեղի կունենան 26 օր հետո։ Սպասենք։ Գուցե հարցը դրան չհասնի։ Ամեն դեպքում ես կողմ եմ բովանդակային քննարկմանը»,– ասաց Դավթյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր ընտրված Միքայել Մելքումյանն իր հերթին ասաց, որ կառավարության հրաժարականի պահանջը վաղուց է հասունացել, և չորս քաղաքական ուժերը գործողությունների ծրագիր են մշակում, որի արդյունքն ակնհայտ կդառնա առաջիկայում։
«Կառավարությունը չի իրականացրել հինգ տարվա համար նախատեսած իր իսկ մշակած ծրագիրը։ Բացի այդ մենք ստեղծված ծանր սոցիալ–տնտեսական իրավիճակից դուրս գալու ծրագիր ենք մշակում»,– ասաց նա։
ՀՀ ԱԺ ոչ կոալիցիոն ուժերն առաջին անգամ չէ, որ խոսում են կառավարությանը անվստահություն հայտնելու մասին։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:23 02.04.2014