Рейтинг@Mail.ru
USD
391.59
EUR
421.7
RUB
4.6712
GEL
141.37
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

ՀՅ Դաշնակցությունը հայտարարություն է տարածել ընտրությունների արդյունքներով

10.12.2018, 16:56
ՀՅ Դաշնակցությունը հանդես է եկել հայտարարությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:

ՀՅ Դաշնակցությունը հայտարարություն է տարածել ընտրությունների արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՅ Դաշնակցությունը հանդես է եկել հայտարարությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովում, քանի որ չի հավաքել անհրաժեշտ անցողիկ 5-տոկոսանոց շեմը:

Կուսակցությունն այս կապակցությամբ նշել է, որ սա իր ընտրողների պարտությունը չէ:

Իրենց պարտությունը «Դաշնակցության» պատգամավորները պայմանավորում են հետևյալ հանգամանքներով` ընտրողն իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին, ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին և ներքին վտանգներին հանդիման, Դաշնակցության մոտեցումներն այսօր ընկալվում են փոքրամասնության կողմից, պատշաճորեն չի կարևորվում Արցախյան գործոնը քաղաքական օրակարգում, ձևավորվում է Ազգային ժողով առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի:

«Այս կարճատև քարոզարշավը նաև կարևորվեց նրանով, որ մենք ստացանք իրատեսական պատկերացում համակիրների այն բանակի մասին, որը կմասնակցի մեր պայքարին: Այդ բանակը փոքրաթիվ է, բայց փոխարենը իրական, նրա որոշումը հստակ է, ոչ մոդայիկ և թելադրված է միայն ու միայն ներքին համոզմամբ ու հստակ գիտակցությամբ: Ոչ մի անգիտակից քվե, ոչ մի պատահական մարդ»,– ասվում է հայտարարության մեջ։


ՀՅԴ–ի անդամների խոսքով, իրենք կարողացան բանավիճել, բարձրաձայնել իրենց մտահոգությունները, հակադարձել վտանգավոր միտումներին, բերել իրենց փաստարկները: Այս պահին մեր խոսքը լայն ընկալում չունեցավ ու թերագնահատվեց, սակայն մեզ հաջողվեց ցույց տալ իրավիճակն անտեսված կողմից, մտածելու ու վերլուծելու առիթ ստեղծել ու արթնացնել զգոնությունը:

Ինչպես նշում են հայտարարության հեղինակները, ժամանակի ընթացքում անկողմնակալ, հայրենիքի ճակատագրով մտահոգ ու Արցախի հիմնախնդրի նշանակությունը ճիշտ պատկերացնող քաղաքացիները կհամադրեն ամեն օր ստացվող նորությունները Դաշնակցության հնչեցրած մտահոգությունների հետ և կգիտակցեն, թե ինչի մասին էին խոսում, ահազանգում:

«Դաշնակցություն» կուսակցության անդամները շնորհակալություն հայտնեցին ՀՅԴ-ին կողմ քվեարկած քաղաքացիներին և երիտասարդներին`

անմնացորդ նվիրումի ու կրակոտ էներգիայի համար, մեր ընդհանուր գործի մեջ հոգի դնելու համար, հայության ամենաազգային և ամենապատասխանատու կազմակերպության հետ իրենց կյանքը կապելու համար։

«Շնորհակալ ենք մեր շարքերին՝ ամենօրյա հետևողական աշխատանքի,

տարիներով ապացուցված հավատարմության, խստապահանջության, դիտողությունների, բայց և կարգապահության համար: Փակվում է պատմության այս փուլը ու գալիս է նորը: Մենք մուտք ենք գործում այդ նոր պատմության մեջ համազգային կուռ կառույցով, ապագայի մեր երազանքով ու պայքարելու վճռականությամբ»,– նշվում է հայտարարության մեջ։

Նախօրեին Հայաստանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Բոլոր 2010 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, խորհրդարան անցնում է երեք քաղաքական ուժ` «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ–ն և Բոլոր 2010 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, խորհրդարան անցնում է երեք քաղաքական ուժ` «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ–ն և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ ԿԸՀ–ի պաշտոնական կայքում ներկայացված տվյալների համաձայն, առաջատարն է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դաշինքը, որի օգտին քվեարկել է ընտրողների 70,43%–ը (884 456 մարդ)։ ԲՀԿ–ն հավաքել է 8,27% (103 824 ընտրող), երրոդ տեղում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37% (80 024 ընտրող)։ Նախկին իշխող ՀՀԿ–ն չի կարողացել հաղթահարել անցողիկ 5%–անոց շեմը, նրա օգտին քվեարկել է ընտրողների 4,7%–ը (59 059 մարդ): Ընտրողների ձայներն ընտրությունների մյուս մասնակիցների միջև բաշխվել են հետևյալ կերպ`ՀՅԴ`3,89% (48 811), «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն` 1,82% (22 862), «Օրինաց երկիր» կուսակցություն` 0,99% (12 389), «Մենք» կուսակցությունների դաշինք` 2% (25 174), «Քրիստոնեա–ժողովրդավարական վերածնունդ» կուսակցություն` 0,51% (6 456), «Ազգային առաջընթաց» կուսակցություն` 0,33% (4122), «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցություն` 0,68% (8530)։–0–