ՀՅԴ–ն դուրս եկավ ՀՀԿ–ի հետ իշխանական կոալիցիայից

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՅԴ գերագույն մարմինը հանդես եկավ հայտարարությամբ` երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
Մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակը` ՀՅԴ գերագույն մարմինը նշում է, որ մինչ այս պահը հնարավոր է եղել խուսափել իրավիճակի հանգուցալուծման վատթարագույն տարբերակներից:
Հայտարարության մեջ նշվում է, որ անցնող օրերի ընթացքում ՀՅ Դաշնակցությունը հետևողական ջանքեր է գործադրել համախոհության ձևավորման, երկխոսության միջոցով երկրի ու ժողովրդի շահերից բխող ընդունելի և ողջամիտ լուծում գտնելու ուղղությամբ:
«Այսպես սակայն երկար չի կարող շարունակվել: Կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ»,– ասվում է հաղորդման մեջ։
ՀՅԴ–ում համոզմունք են հայտնում, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրականության և օրենքների շրջանակներում»,– նշվում է հայտարարության մեջ։
«Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ հայտարարում ենք քաղաքական կոալիցիային մեր մասնակցության դադարեցման մասին»,– նշվում է հաղորդման մեջ։
Հայտարարությունում ընդգծվում է, որ Ազգային ժողովը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ, ում ներքին և արտաքին քաղաքականությունը ներառող ծրագիրը պետք է նպատակ հետապնդի՝ լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը, հաղթահարել քաղաքական ճգնաժամը, հստակ առաջնահերթություններ նախանշելով երաշխավորել կուտակված խնդիրների լուծումը, լիարժեք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ նախապատրաստել եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։–0–