Մերկելը չի կարծում, թե ներկա պայմաններում G8–ն իմաստ ունի
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի բացվող ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն այն ռուսների ցուցակի ընդլայնումը, ում համար արգելված կլինի մուտքը Եվրոպա, և Ռուսաստանի քաղաքական հարաբերությունների ապագան ԵՄ–ի ու G7–ի հետ, հայտնել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Փրայմը։
Գերմանիայի կառավարության նախագահը G8 ձևաչափի պահպանումը ներկայիս պայմաններում անիմաստ է համարում։
«Այսօր սկսվող Եվրախորհրդում պետությունների և կառավարությունների ղեկավարները հետագա պատժամիջոցներ կսահմանեն երկու շաբաթ առաջ մեր ընդունած «երկրորդ աստիճանի» շրջանակում։ Դա (Ուկրիանայի ճգնաժամի համար պատասխանատու) մարդկանց ցուցակի ընդլայնումն է, ում դեմ մուտքի սահմանափակումներ կսահմանվեն և նրանց հաշիվները կսառեցվեն»,– ասել է Մերկելը` ելույթ ունենալով բունդեստագի առջև։
Բացի այդ, ըստ նրա, գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն ուկրաինական ճգնաժամի հետևանքները Ռուսաստանի և ԵՄ, ինչպես նաև ՌԴ–ի հետ G7–ի քաղաքական հարաբերությունների համար։ «Դա ակնհայտ է` քանի դեռ չկան քաղաքական պայմաններ այնպիսի կարևոր ձևաչափի համար, ինչպես G8–ն է, այլևս չկա ինքը G8–ը` ոչ գագաթնաժողով, ոչ ձևաչափ որպես այդպիսին»,– ընդգծել է Մերկելը։
Նա ավելացրել է, որ ԵՄ–ն Բրյուսելի գագաթնաժողովում «կհասկացնի, որ իրավիճակի հետագա սրման դեպքում մենք միշտ պատրաստ ենք «երրորդ աստիճանի» պատժամիջոցներ կիրառել»։ «Եվ խոսքն, անկասկած, նաև տնտեսական պատժամիջոցների մասին է»,– ասել է ԳԴՀ կանցլերը։
Ըստ նրա` ԳԴՀ կառավարությունը դեռ պետք է որոշի` կկայանա՞ն, արդյոք, ապրիլին ծրագրված գերմանա–ռուսական միջպետական խորհրդակցությունները, և եթե դրանք կայանան, ապա ինչ ձևաչափով են անցնելու։
Մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե անցկացվեց, որի մասնակիցների գրեթե 97 տոկոսը «կողմ» քվեարկեց թերակղզու` Ռուսաստանի կազմում ներառվելուն։ Հաղորդվում էր, որ քվեարկությանը մասնակցությունը գերազանցել է 83 տոկոսը։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ հանրաքվեի անցկացումը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ–ի կանոնադրությանը։
Երեքշաբթի ՌԴ նախագահը, Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը, հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսյոնովն ու Սևաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին պայմանագիր ստորագրեցին Ղրիմի և Սևաստոպոլի` ՌԴ–ի կազմում ներառվելու մասին։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
19:42 20.03.2014