Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+24

Նալբանդյանը դատարկաբանություն է համարել Բաքվի քննադատությունը՝ կապված Հայաստանում մարդու իրավունքների վիճակի հետ

03.11.2014, 14:05
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի Երևանում Մեծ Բրիտանիայի` Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ դատարկաբանություն է համարել Բաքվից հնչող քննադատությունը, որը կապված է Հայաստանում մարդու իրավունքների վիճակի հետ:
Նալբանդյանը դատարկաբանություն է համարել Բաքվի քննադատությունը՝ կապված Հայաստանում մարդու իրավունքների վիճակի հետ
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի Երևանում Մեծ Բրիտանիայի` Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ դատարկաբանություն է համարել Բաքվից հնչող քննադատությունը, որը կապված է Հայաստանում մարդու իրավունքների վիճակի հետ:

«Մի պետության կողմից հնչող քննադատությունը, որը հեղինակավոր միջազգային կազմակերպությունները համարում են միապետության վառ օրինակ, ոչ այլ ինչ է, քան դատարկաբանություն: Միջազգային հանրության վրա գրեթե նմանատիպ տպավորություն կթողներ Սադամ Հուսեյնի կամ Քադաֆիի կողմից հնչող քննադատությունը», - ասաց Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ Բաքվից Երևանի հասցեին հնչող անհիմն քննադատությունը կարող է տպավորել միայն Ադրբեջանի բնակչությանը, այն էլ ոչ բոլորին:

Մեծ Բրիտանիայի` Եվրոպայի հարցերով Դևիդ Լիդինգթոնն իր հերթին պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Բաքվի հետ սերտ տնտեսական կապերը Միացյալ Թագավորության համար զսպող հանգամանք են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի քննադատության համար, նա հայտարարեց, որ բազմաթիվ անգամ հրապարակային կերպով խոսել է այդ երկրում տիրող իրավիճակի մասին:

«Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ներկայացուցիչները բազմաթիվ անգամ մտահոգություն են հայտնել տարբեր երկրներում, այդ թվում նաև Ադրբեջանում տիրող իրավիճակի կապակցությամբ: Մենք ամեն տարի տարբեր զեկույցներ ենք հրապարակում աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների վիճակի մասին: Չնայած ընդունում եմ իրավիճակի նրբությունը, երբ տնտեսական շահերը կարող են խախտել բարոյական սկզբունքները», - ավելացրել է նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-