Խորհրդարանի խոսնակը քվեարկել է հզոր ու փոփոխվող Հայաստանի համար
06.05.2012,
14:39
Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը 2/10 ընտրատեղամասում քվեարկելուց հետո հայտարարել է, որ քվեարկել է հզոր ու փոփոխվող Հայաստանի համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԺ մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը 2/10 ընտրատեղամասում քվեարկելուց հետո հայտարարել է, որ քվեարկել է հզոր ու փոփոխվող Հայաստանի համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԱԺ մամուլի ծառայությունից:
Կիրակի՝ մայիսի 6-ին Հայաստանում անցկացվում են ԱԺ ընտրությունները: Քվեարկությունն ընթանում է 1982 ընտրատեղամասերում և կշարունակվի մինչև 20:00-ն:
Սամվել Նիկոյանը ընտրություններին եկել էր ընտանիքի հետ միասին:
«Քվեարկության եկել եմ բարձր տրամադրությամբ, քվեարկել եմ մեծ հավատով ու վստահությամբ, քվեարկել եմ մեր երկրի ապագայի, կայուն զարգացման, խաղաղության ու անվտանգության, հզոր ու փոփոխվող Հայաստանի համար, որպեսզի յուրաքանչյուր հայ քաղաքացի կարողանա իր եւ իր ընտանիքի արժանապատիվ կյանքն ապահովել»,-իր քաղաքացիական պարտքը կատարելուց հոտո, լրագրողների հարցին ի պատասխան, ասաց ԱԺ նախագահը
Նա նշեց, որ իր համար առավել քան կարևոր է, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար և օրինականության պայմաններում և որպեսզի յուրաքանչյուր ընտրող համոզված լինի դրանում:
«Իհարիկե, կարեւոր է նաև, որ մեր ընտրողների համոզմունքը կիսի նաև միջազգային հանրությունը»,- նշեց նա:
Ըստ Նիկոյանի՝ ընտրություններից հետո կլինի բավականին ակտիվ և տարբեր քաղաքական տեսակետներ արտահայտող, տարբեր քաղաքական ուժերի խճանկար ունեցող Ազգային ժողով, որտեղ քննարկումները կլինեն ակտիվ եւ բանավիճային սկզբունքով, և հետաքրքիր կլինի աշխատել այդպիսի խորհրդարանում:
ԿԸՀ-ն ապրիլի 1-ին գրանցել է ութ կուսակցության և կուսակցական դաշինքի ընտրացուցակները:
Կոալիցիոն երեք կուսակցություններից բացի, (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր») պատգամավորական մանդատների համար կպայքարեն նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգությունը» («Ազատ դեմոկրատների» հետ միասնական համամասնական ցուցակ), Հայ ազգային կոնգրեսը (կուսակցական դաշինք), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայեր» կուսակցությունը:
Գրանցվել է նաև մեկ ընտրական դաշինք՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:
Մեծամասնական ընտրակարգով պատգամավորական մանդատի համար կպայքարի 137 թեկնածու, ընդ որում երկու ընտրատեղամասում ընտրությունները կանցնեն առանց այլընտրանքի:
Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն քվեների 5 տոկոսը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսը:--0-