ՀՀ խորհրդարանում Բյուջետային հարցերի գրասենյակ կստեղծվի
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ օրինագիծ ընդունեց, որով նախատեսվում է խորհրդարանի կառուցվածքում բյուջետային հարցերի գրասենյակի ստեղծում։
Օրինագծի հեղինակները կարծում են, որ խորհրդարանի ենթակայությունից Վերահսկիչ պալատը դուրս բերելուց հետո օրենսդիր մարմինը, փաստորեն, մնաց առանց պետական բյուջեն վերահսկող մեխանիզմների։
Այդ համատեքստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց, որ կճշտվի գրասենյակի, ինչպես նաև նրա փորձագետների իրավական կարգավիճակը։ Նա նշեց, որ գրասենյակը կարող է ստեղծվեն արդեն 2015 թ.–ին` խորհրդարանին հատկացված բյուջետային միջոցների հաշվին։
Ընդդիմադիր ՀԱԿ–ից պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ընդունված որոշումը հակասահմանադրական անվանեց, քանի որ նման գրասենյակի առկայությունն ավելի շատ հարմար է կառավարման խորհրդարանական ձև ունեցող պետություններին։
ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը ևս օրինագիծը հակասահմանադրական անվանեց` հայտարարելով, որ իր գլխավորած կուսակցությունը չի աջակցի օրինագծին, որը կոչված է ծառայել «ինչ–որ որոշակի խմբի» շահերին։
Օրինագիծն ընդունվել է 88 «կողմ» ձայներով, 20 պատգամավոր «դեմ» է քվեարկել, 4–ը ձեռնպահ են մնացել։
Օրինագծի հեղինակներն են ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ–ից պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Սամվել Նիկոյանը, Սուքիաս Ավետիսյանը, ՀՅԴ–ից` Արծվիկ Մինասյանը, ՕԵԿ–ից` Մհեր Շահգելդյանն ու ՀԱԿ–ից` նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:46 25.03.2015