Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է կամրջել Եվրոպան և Կենտրոնական Ասիան

09.10.2025, 15:23
Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ մեր տարածաշրջանը քաղաքական և լոգիստիկ առումով պատրաստ է բացել իր չօգտագործված ներուժը, ասել է Փաշինյանը
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է կամրջել Եվրոպան և Կենտրոնական Ասիան

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ մեր տարածաշրջանը քաղաքական և լոգիստիկ առումով պատրաստ է բացել իր չօգտագործված ներուժը,  ինտեգրվել ավելի լայն անխոչընդոտ կապին Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Global Gateway» միջազգային երրորդ համաժողովում։

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որը հայտնի է նաև որպես «TRIPP» ուղի, խոստումնալից ներդրումային ծրագիր է, որը համագործակցության մեծաթիվ հնարավորություններ է բացում՝ երկաթուղիներից մինչև էներգետիկա։», - ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական շարժընթացի պայմաններում, «Խաղաղության խաչմերուկի» գաղափարն իրականություն է դառնում՝ ունենալով ողջ ներուժը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև՝ շատ ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ ամբողջ դինամիկան փոխելու համար։

«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովի ժամանակ, նախագահ Թրամփի աջակցությամբ, Հայաստանը և Ադրբեջանը, ի թիվս այլ հարցերի, համաձայնության եկան տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման շուրջ՝ հիմնվելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա»,-ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել։

«Այս աճող գործընկերությունը յուրահատուկ հնարավորություններ է ստեղծում, որպեսզի Հայաստանն ավելի խորը և ռազմավարական ներգրավվածություն ունենա այնպիսի նախագծերում, ինչպիսիք են «Գլոբալ դարպասը», «Սևծովյան տարածաշրջանի ռազմավարությունը», Միջին միջանցքը, «Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցը» և այլն»,-եզրափակել է վարչապետը։