Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ վերսկսելու հավանականությունը քիչ է. Օհանյան

06.08.2014, 12:13
Քիչ է հավանականությունը, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ կվերսկսվի, կարծում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ վերսկսելու հավանականությունը քիչ է. Օհանյան
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Քիչ է հավանականությունը, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ կվերսկսվի, կարծում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Սահմանային այս իրավիճակը կարող է վերածվել լոկալ բախումների, սակայն լայնամասշտաբ գործողությունների հիմք չեմ տեսնում»,– չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Օհանյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանն անընդհատ պատերազմի է պատրաստվում, և հաշվի առնելով դա` հայկական ուժերը նույնպես ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը։

«Խաղաղությո՞ւն ես ուզում` պիտի պատրաստ լինես պատերազմի»,-ասաց նախարարը։

Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-