Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

Պուտինը ցույց տվեց, որ Ռուսաստանն անառարկելի դեր ունի Ղարաբաղի ստատուս-քվոյի պահպանման հարցում

12.08.2014, 16:49
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած բանակցությունների ժամանակ ցույց տվեց, որ Ռուսաստանն անվիճելի դեր ունի հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծում խաղաղության պահպանման գործում, երեքշաբթի լրագրողներին ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Պուտինը ցույց տվեց, որ Ռուսաստանն անառարկելի դեր ունի Ղարաբաղի ստատուս-քվոյի պահպանման հարցում
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած բանակցությունների ժամանակ ցույց տվեց, որ Ռուսաստանն անվիճելի դեր ունի հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծում խաղաղության պահպանման գործում, երեքշաբթի լրագրողներին ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

«Ռուսական կողմի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը կողմ է սահմանին տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմին, ցույց է տալիս, որ հետագա սադրանքներն ու հրադադարի ռեժիմի խախտումները կբացահայտեն, որ Ադրբեջանն է այդ իրադարձությունների նախաձեռնողը», - ասաց Շաքարյանցը:

Հուլիսի վերջին – օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի վեց զինծառայողներ։

Քաղաքագետի խոսքով՝ այդ իրադարձությունները կարող են հետաքննել ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրները, այնպես էլ` Մինսկի խմբի մնացած անդամները:

Նա նաև նշեց, որ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Պուտինը ստիպեց Ալիևին հայտարարել հակամարտության խաղաղ կարգավորմանը հետամուտ լինելու մասին՝ նման կերպ ընդգծելով Ռուսաստանի խաղաղարար դերը:

Երեք երկրների նախագահների՝ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-