ՌԴ գլխավոր դատախազությունն ԱՄՆ-ից կպանաջնի ռուսաստանցի Միրոնովի գործի նյութերը

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ գլխավոր դատախազությունը հինգ օրվա ընթացքում ԱՄՆ արդարադատության նախարարությունից կպահանջի վերջերս Երևանում ձերբակալված ռուսաստանցի ծրագրավորող Սերգեյ Միրոնովի դեմ հարուցված քրեական գործի նյութերը, հայտնում է «Իզվեստիա» թերթը` վկայաբերելով Միրոնովի փաստաբանին:
«Մենք բոլոր հասանելի միջոցներով փորձելու ենք պարզաբանումներ ստանալ ամերիկյան կողմից այն մասին, թե ինչ իրականում տեղի ունեցավ Հայաստանում: Այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է, քանի որ Սերգեյն այժմ Ռուսաստանի տարածքում է», - մեջբերում է պարբերականը Կարեն Ներսիսյանի խոսքը: Նա նշել է, որ, եթե Ռուսաստանում հետախուզության արդյունքում Միրոնովի մեղքը ապացուցվի, ապա նրան պատասխանատվության կենթարկեն հայրենիքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն ռուս Սերգեյ Միրոնովի հանդեպ հետախուզման փորձերն անվանել է «վրեժխնդրության հակառուսական արշավի մաս»:
Հայաստանի ոստիկանության տվյալներով, օգոստոսի 26-ին ժամը 16.30-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Սերգեյ Միրոնովը, որը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից։ Սերգեյ Միրոնովին կասկածում էին «Գենեզիս» ընկերության միջոցով զենքի առևտրի մեջ։ Երկուշաբթի Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը մերժեց Միրոնովի կալանքի մասին դատախազության միջնորդությունն ու ազատ արձակեց նրան։ Օգոստոսի 31-ին նա Երևանից մեկնեց Մոսկվա: –0–