Սարգսյան. Մարտական գործողությունները Ղարաբաղում անակնկալ չէին
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Deutsche Welle գերմանական պարբերականին ասել է, որ մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում անակնկալ չէին:
«Մենք սպասում էինք նրանց: Եղավ այն, ինչ պետք է լիներ: Միևնույն ժամանակ կրակի դադարեցումը ևս պատահականություն չէր: Ադրբեջանցիները մեծ կորուստներ են ունեցել: Բացի այդ, Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը զանգահարել է հայկական Գլխավոր շտաբի պետին և հայտնել, որ ադրբեջանցիները համաձայն են այս հարցի շուրջ հանդիպել Մոսկվայում հայկական կողմի ներկայացուցիչների հետ: Կար, իհարկե, նաև միջազգային հանրության աջակցությունը: Մի շարք պետություններ և միջազգային կազմակերպություններ հանդես են եկել համապատասխան հայտարարություններով», - ասաց նապագահը:
Նա խոսքով, հայկական կողմը արել է հնարավոր ամեն ինչ` կանխարգելելու համար բախումները, սակայն մոտ երեք տարի առաջ Ադրբեջանը հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված երեք հիմնարար սկզբունքներից երկուսից և այժմ պնդում է, որ այս հակամարտությունը հարկավոր է լուծել բացառապես տարածաշրջանային ամբողջականության սկզբունքի հիման վրա:
«Երկրորդ, բացի հակահայկական դեմարշերից և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ վարք ցուցաբերելուց, Ադրբեջանը մի քանի անգամ մեծացրել է իր ռազմական բյուջեն և ընդլայնում է իր ռազմատենչ հռետորաբանությունը...», - ասաց նախագահը:
Նա ավելացրեց, որ հայկական կողմը ահազանգում էր համապատասխան միջազգային ատյաններին և կառույցներին այն մասին, թե իրավիճակը ինչ ուղղություն է ձեռք բերում, ինչի կարող է բերել իրադարձությունների զարգացումը: «Մենք առաջարկում էինք ստեղծել մեխանիզմ, որը թույլ կտար պարզել շփման գծի ողջ երկայնքի միջադեպերի պատճառները, որպեսզի հստակ հաստատվի, թե ով է կոնֆլիկտային գործողությունների նախաձեռնողը», - ընդգծեց երկրի նախագահը: -0-