Ադրբեջանի սարսափեցնող գործողությունները սպառնում են ողջ տարածաշրջանի ապակայունացմանը. Շիֆ
13.11.2014,
11:27
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից ղարաբաղյան ուղղաթիռի խոցումը, հայտարարել է, որ այդ սարսափեցնող գործողությունները սպառնում են ողջ տարածաշրջանի ապակայունացմանը:

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից ղարաբաղյան ուղղաթիռի խոցումը, հայտարարել է, որ այդ սարսափեցնող գործողությունները սպառնում են ողջ տարածաշրջանի ապակայունացմանը:
Չորեքշաբթի ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանցի զինվորականները շփման գծում խփել են ղարաբաղյան –24 ուղղաթիռը, որն ուսումնամարզական թռիչք էր իրականացնում:
«Ակնհայտ է, որ սպառազինություն չունեցող ուղղաթիռի ոչնչացումը ԼՂՀ-ի տարածքի վրա ցույց է տալիս, թե ինչ քամահրանքով է Ադրբեջանը վերաբերվում մարդկային կյանքերին և ցուցադրում է նրա պատրաստակամությունը` մասնակցել բռնության սադրիչ գրոհներին՝ ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար», - ասել է Շիֆը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-