Վիգեն Սարգսյան. ամենավերջին բանն ինչ կարելի է անել, այսօր տանը նստելն է
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ ընտրացուցակը գլխավորող, կուսակցության փոխնախագահ Վիգեն Սարգսյանը կատարել է իր քաղաքացիական պարտքը։
«Ես առաջին հերթին մեծ ակնկալիք ունեմ, որ մեր հանրությունն այսօր ակտիվ կմասնակցի ընտրություններին, դա շատ կարևոր է, հատկապես, երկրի համար վճռորոշ պահերին պետք է համախմբվածություն։ Անկախ նրանից, թե ով ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանն ինչ կարելի է անել, այսօր տանը նստելն է», - ասել է Վիգեն Սարգսյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա ավելացրեց նաև, որ ակնկալում է, որ օրվա վերջին լինի ավելի համախմբված հասարակություն։
«Ես քվեարկել եմ այսօր այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների, որովհետև դա ուղիղ ճանապարհ է դեպի ներքին թշնամու ձևավորում։ Իսկ պաշարված բերդում ներքին թշնամին ամենավատ բանն է, որ կարող է լինել։ Մեզ պետք է ավելի ամուր, ավելի համախմբված, ավելի արագ տեմպերով զարգացող երկիր: Մեր մարտահրավերները շատ մեծ են, մեր ունեցած պաշարներն այդ մարտահրավերներից՝ անհամեմատ ավելի փոքր և ես ակնկալում եմ, որ այսօրվա քվեարկությունից հետո մենք կունենանք երկիր, որտեղ գոնե այն հարցերում, որոնք մեզ համար կենսական նշանակություն ունեն՝ անվտանգություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն, մենք կհենվենք գիտելիքի, փորձի, հետևողականության վրա ու չենք անի քայլեր, որոնք կարող են թուլացնել մեր դիրքերը տարածաշրջանում»,- ասել է ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։
Դեկտեմբերի 9-ին ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր 2010 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: -0-