Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+35

ԵՄ–ն կոչ է անում ՀՀ իշխանություններին բարեփոխել ընտրական օրենսդրությունը

20.02.2013, 16:57
Եվրամիությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին բարեփոխել ընտրական օրենսդրությունը` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականներին համապատասխան, որոնք հրապարակվել են 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։
ԵՄ–ն կոչ է անում ՀՀ իշխանություններին բարեփոխել ընտրական օրենսդրությունը
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին բարեփոխել ընտրական օրենսդրությունը` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականներին համապատասխան, որոնք հրապարակվել են 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։

Այդ մասին ասվում է Եվրամիության փոխնախագահ, արտգործնախարար Քեթրին Էշթոնի և ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՝ այսօր տարածած հայտարարության մեջ։

«Եվրամիությունը ողջունում է Հայաստանում նախագահական վերջին ընտրություններում արձանագրված առաջընթացը, միևնույն ժամանակ կոչ ենք անում արձագանքել առկա մտահոգություններին ու բարեփոխել ընտրական օրենսդրությունը», –ասվում է հայտարարության մեջ։

Եվրամիությունն ակնկալում է, որ հետագայում մի շարք խնդիրների լուծումը պատշաճ կերպով ավարտին կհասցվի, դրանց թվում են` պետծառայողների կողմնակալության դեպքերը, որոնց մասին հայտարարվել է (դիտորդների կողմից), վարչական ռեսուրսների  չարաշահումը, ընտրարշավի ֆինանսավորմանը վերաբերող դրույթների ոչ հստակ ձևակերպումը, ինչպես նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքերը։

Նախնական տվյալների համաձայն, բոլոր 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է քվեների 58,64%, Րաֆֆի Հովհաննիսյանը` 36,74 %, Հրանտ Բագրատյանը` 2,15%, Պարույր Հայրիկյանը` 1,23%, Անդրիաս Ղուկասյանը` 0,57%, Արման Մելիքյանը` 0,24%, Վարդան Սեդրակյանը` 0,42%։--0--