Զախարովան նշել է ՀՀ–ի և Ադրբեջանի առաջնորդների հավանական հանդիպման ամսաթիվը Լավրովի մասնակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մտադիր է մասնակցել մայիսի 16–ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանն ԱՄՆ–ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերիի և Ժան Մարկ Էյրոյի հետ միասին։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, հինգշաբթի հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հաջորդ շաբաթ Վիեննայում ծրագրվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների մասնակցությունը»,– ասաց նա։
Զախարովան նշել է, որ խոսքը հենց ծրագրերի մասին է։ «Մենք կհայտնենք, հենց հստակ պայմանավորվածություններ և ժամկետներ լինեն»,– ասել է նա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ավելացրել է, որ Ռուսաստանը լիահույս է, որ հանդիպումը կնպաստի տարածաշրջանի իրավիճակի բարելավմանը։
Ըստ նրա, ներկայում վերոնշյալ ծրագրերն ակտիվ քննարկման փուլում են։
«Մենք ելնում ենք նրանից, որ նման հանդիպումը կարող է և պետք է նպաստի հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և, անշուշտ, պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծի համապարփակ կարգավորման հասնելուն ուղղված բանակցային գործընթացի համար»,– ընդգծել է Զախարովան։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:25 12.05.2016