Զինված խմբի անդամները երկու հոդվածով պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն ունեն. ՀՀ գլխավոր դատախազ
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանում ՊՊԾ գունդը զավթած զինված խմբի անդամները դեռ կարող են խուսափել քրեական պատասխանատվությունից երկու հիմնական հոդվածներով, ասել է Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հինգշաբթի «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Խոսքը հանցագործության երեք տարբեր կազմերի մասին է` ապօրինի զենք կրելը, շենքեր և շինություններ զավթելը, պատանդներ պահելը։ Վերջին երկու հոդվածները խրախուսիչ նորմեր են սահմանում։ Եթե անձինք կամավոր բաց են թողնում պատանդներին կամ ազատում են շենքերն ու շինությունները, ապա չեն ենթարկվում քրեական պատասխանատվության, այն դեպքում, եթե նրանց գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»,– ասել է Կոստանյանը։
Ըստ նրա, եթե նրանք բաց թողնեն պատանդներին և ազատեն զավթած շենքը, ապա նրանց մեղադրանք կներկայացվի միայն ապօրինի զենք կրելու համար։
Ներկայում մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ ՔՕ 219 հոդվածի 3–րդ մասի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235–րդ հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր կամ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը կամ տեղափոխելը) հատկանիշներով։
«Մեկ այլ հարց է ոստիկանի սպանությունը։ Սպանություն հոդվածով քրեական գործ չի հարուցվել։ Երբ պարզենք, թե ով է սպանել ոստիկանին, նրան մեղադրանք կառաջադրվի»,– ասել է Կոստանյանը։
Նա նշել է նաև, որ մինչև իրավիճակի վերջնական հանգուցալուծումն անհնար է սահմանել այն հոդվածները, որոնցով մեղադրանք է առաջադրվելու, քանի որ զինված խմբի անդամները նոր գործողություններ են կատարում։ Մինչ օրս նաև չի սահմանվել ՊՊԾ գնդում պահվող բուժաշխատողների կարգավիճակը։
Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։ –0–