Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում կձևավորվեն Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, դրանք կզբաղվեն միայն ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների քննությամբ

04.05.2023, 13:11
Նաև կսահմանվի, որ համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների պետերը ի պաշտոնե կհանդիսանան Ոստիկանության պետի տեղակալները
Հայաստանում կձևավորվեն Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, դրանք կզբաղվեն  միայն ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների քննությամբ
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում կձևավորվեն Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։ Համապատախան նախագիծն ընդունվեց այսօր կառավարության կողմից։

Տարածքային ստորաբաժանումները կզբաղվեն միայն ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների քննությամբ:

«Նախագծով առաջարկվում է անհրաժեշտ նախադրյալ ստեղծել Ոստիկանությունում 4 հենասյունային ուղղություններից մեկի՝ Քրեական ոստիկանության կադրերի մասնագիտական պատրաստվածության էական բարելավման և ծառայության գրավչության ապահովման համար: Այս առումով նախատեսվում է ստեղծել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ, ուղղաձիգ կառավարմամբ գործող տարածքային ստորաբաժանումներ, ինչպես այժմ գործում է Պարեկային ծառայությունը: Նրանց կվերապահվի միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ հետախուզական գործունեության իրականացումը»,- ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

Նաև կսահմանվի, որ համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների պետերը ի պաշտոնե կհանդիսանան Ոստիկանության պետի տեղակալները: Առանձին տեղակալի օղակ չի լինի:

Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորումից հետո ներկայիս մարզային վարչությունները լուծարվելու են: Տարածքային ստորաբաժանումների ձևավորման համար առաջարկվում է անցկացնել բաց մրցույթ:

Քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած, ինչպես նաև համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները համարվելու են հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած:–0–