Рейтинг@Mail.ru
USD
394.04
EUR
428.99
RUB
4.5829
GEL
141.29
2025 թ. մարտի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Ryanair լոուքոսթերի ուղիղ չվերթերը դեպի Եվրոպա կմեկնարկեն 2020թ.–ից. կոմերցիոն տնօրեն

16.10.2019, 14:07
Ryanair իռլանդական լոուքոսթերը հայտարարեց հայկական շուկա մուտք գործելու մասին և տեղեկացրեց, որ ուղիղ չվերթերը դեպի Եվրոպա կմեկնարկեն 2020թ.–ի հունվարից։
Ryanair լոուքոսթերի ուղիղ չվերթերը դեպի Եվրոպա կմեկնարկեն 2020թ.–ից. կոմերցիոն տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ryanair իռլանդական ավիաընկերություն–լոուքոսթերը հայտարարեց հայկական շուկա մուտք գործելու մասին և տեղեկացրեց, որ ուղիղ չվերթերը դեպի Եվրոպա կմեկնարկեն 2020թ.–ի հունվարից։

«Հայաստանն այսօր դառնում է 40–րդ երկիրը Ryanair–ի ցանցում, և մենք այսօր այստեղ ներկայացնում ենք Երևանից նախատեսվող երեք նոր ուղղություն. դեպի Հռոմ և Միլան չվերթերը կմեկնարկեն հունվարից, իսկ դեպի Բեռլին` 2020թ.–ի ամռանից։ Մենք նաև ներկայացնում ենք առաջին եվրոպական ուղղությունը Գյումրիից դեպի Մեյնինգեն հաջորդ տարվա ամռանը», – ասաց Ryanair իռլանդական ընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ’Բրայանը չորեքշաբթի Երևանում կայացած ասուլիսի ժամանակ։

Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի ավիաընկերությունը կսպասարկի մոտ 130 հազար ուղևոր, ինչպես նաև նշեց, որ թռիչքներն իրականացվելու են շաբաթվական երկու անգամ։

Կոմերցիոն տնօրենը նաև նշեց, որ ընկերությունը տրամադրում է ժամանակակից ծառայություններ`շահագործելով ժամանակակից օդանավեր Եվրոպայի 440 օդանավակայաններում և «այնպիսի մատչելի գներով, որոնց հետ մյուսները չեն կարող մրցել»։

«Մենք ունենք ամենացածր ինքնարժեքն ու ամենաբարձր արդյունավետությունը», –ընդգծեց Օ’Բրայանը։

Ինչ վերաբերում է գներին, ապա նրա խոսքով, դրանք ֆիքսված չեն, և այս պահին նա չի կարող տեղեկատվություն տրամադրել ավիատոմսերի արժեքի մասին, սակայն միաժամանակ նշեց, որ ընկերության ավիատոմսերի միջին գինը կազմում է 35 եվրո (մոտ 18 հազար դրամ)։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն իր հերթին տեղեկացրեց, որ որոշում է ընդունվել նոր ուղղություններն ազատել «օդի հարկից»։ Միաժամանակ նա նշեց, որ վճարից ազատվում են կոնկրետ ուղղությունները, ոչ թե կոնկրետ ավիաընկերությունները։

Ryanair իռլանդական ավիաընկերությունը Եվրոպայի խոշորագույն լոուքոսթերն է։ Ավիաընկերության ավիապարկում կա 500 օդանավ։–0–