Ավտովթարի համաձայնեցված հայտարարագիր լրացնելու դեպքում փոխհատուցման առավելագույն գումարը 200 հազարից դարձել է 400 հազար
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօրվանից ուժի մեջ է մտել նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների գծով փոխհատուցման ենթակա գումարի սահմանաչափի բարձրացման նոր կարգավորումը, հայտնում է ՆԳՆ-ն։
Սեպտեմբերի 18-ից ուժի մեջ են մտել «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները, որոնց համաձայն՝
Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի համար կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200 000 դրամի փոխարեն սահմանվելով 400 000 դրամ։
Համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող դեպքերից տարբերվող դեպքերի համար ապահովագրական ընկերությունների վրա դրվել է պարտավորություն՝ վարորդների հետ հեռախոսային խոսակցության ժամանակ մատչելի եղանակով ներկայացնել իրենց պարտավորությունները ապահովագրական պատահարի վայրում։
Վարորդներին հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում ԱՊՊԱ ընկերության հետ արագ կոորդինացնել գործընթացը և համաձայնության գալ, իսկ համաձայնության չգալու դեպքում պարեկային կարգախումբը, խցանումներ չառաջանալու նպատակով, օպերատիվորեն կմոտենա պատահարի վայր։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:46 18.09.2024