Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում 2015 թ.–ին գործազուրկների թիվն աճել է 16,4%–ով` հասնելով 76,7 հազարի. Զբաղվածության պետական ծառայություն

20.01.2016, 17:13
Հայաստանի զբաղվածության տարածքային կենտրոններում գրանցված գործազուրկների թիվը 2015 թ.–ին ավելացել է 16,4 տոկոսով` հասնելով 76,7 հազարի։
Հայաստանում 2015 թ.–ին գործազուրկների թիվն աճել է 16,4%–ով` հասնելով 76,7 հազարի. Զբաղվածության պետական ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի զբաղվածության տարածքային կենտրոններում գրանցված գործազուրկների թիվը 2015 թ.–ին ավելացել է 16,4 տոկոսով` հասնելով 76,7 հազարի, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը։

«Գործակալության տվյալներով` Հայաստանում 2015 թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թիվը, 2014 թ.–ի վերջի համեմատ, ավելացել է 22,6 տոկոսով և կազմել 89 հազար, որոնցից 76,7 հազարն ունի գործազուրկի կարգավիճակ», – ասաց Մանգասարյանը։

Նրա խոսքով` 2015 թ.–ին աշխատանքի է տեղավորվել 16,6 հազար մարդ, ինչը 45,6 տոկոսով ավել է 2014 թ.–ից։ Նրանցից սեզոնային աշխատանքի է տեղավորվել 6285 մարդ, ժամանակավոր աշխատանքի` 398–ը, մշտական` 9915–ը։

 «Աշխատանքի տեղավորվածներից 2873–ը երիտասարդներ են, 696–ը` հաշմանդամներ։ Միաժամանակ ավելի շատ գործազուրկներ են գրանցվում կանանց և երիտասարդների շրջանում», – ասաց նա։

2015 թ.–ին 3215 գործատուների կողմից ներկայացվել է 7225 թափուր աշխատատեղ։

 «Առավել պահանջված են մնում արհեստավորներն ու միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք, մասնավորապես` դեղագործները, բուժքույրերը, հրուշակագործները, մատուցողները, վաճառողները, դերձակները, խոհարարները, մեքենավարները, վարորդները, ոսկերիչ–դիզայներները, վիզաժիստները և այլն», – նշեց Մանգասարյանն ու ավելացրեց, որ բարձրագույն կրություն ունեցող մասնագետների նկատմամբ պահանջարկն աշխատաշուկայում համեմատաբար ցածր է։

Գործակալության պետը նաև տեղեկացրեց, որ Զբաղվածության պետական ծառայությունն իրականացնում է ծրագիր, որի շրջանակում փոխհատուցվում են այն աշխատակցի տրանսպորտային ծախսերը, ով իր աշխատավայրից ապրում է ավելի քան 30 կմ հեռավորության վրա և նվազագույն աշխատավարձի ծավալով երկու տարվա ընթացքում փոխհատուցվում են կոմունալ ծառայությունների ծախսերը։

Նա պարզաբանեց, որ 2015 թ.–ին այս բավականին արդյունավետ ծրագրի շահառու է դարձել 81 մարդ։

 «Մեր բոլոր ծրագրերում առանձնահատուկ ուշադրության են արժանանում հաշմանդամները։ Այս տարի ավելի քան 700 հաշմանդամ ներառվել է մեր հատուկ ծրագրում», – ասաց նա։

Նրա խոսքով` 2015 թ.–ին կազմակերպվել է աշխատանքի 11 տոնավաճառ, որոնցից երկուսն անցկացվել են Երևանում, մյուսները` Հայաստանի մարզերում։ Տոնավաճառներին մասնակցել է 402 գործատու, 12,4 հազար հայցորդ, ներկայացվել է 1535 թափուր աշխատատեղ։

ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով` երկրում գործազրկության մակարդակը 2015 թ.–ի երրորդ եռամսյակում նվազել է` հասնելով 16,6 տոկոսի։–0–