Գյուղնախարարությունը ցրտահարության վնասների մասին խոսելը վաղաժամ է համարում
31.03.2014,
19:32
Անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով վնասների չափի մասին խոսելը դեռևս վաղաժամ է, հայտնում է հանրապետության գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով վնասների չափի մասին խոսելը դեռևս վաղաժամ է, հայտնում է հանրապետության գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։
Կիրակի` մարտի 30–ին, հանրապետության գրեթե ողջ տարածքում առատ ձյուն է տեղացել, որն ուղեկցվել է ուժեղ քամով։ Օդի ջերմաստիճանը նվազել է 10-12 աստիճանով։ Երևանում ձյան ծածկույթի բարձրությունը կազմել էր շուրջ 30-40 սմ։ Վատ եղանակը հանգեցրել էր էլեկտրամատակարարման խափանումների։
«Ներկայում նախարարության կողմից ստեղծված մասնագիտական խմբերն ուսումնասիրում են և առաջիկայում կներկայացնեն պաշտոնական տեղեկատվություն վնասի նախնական չափերի մասին: Մանավանդ, որ առաջիկա երկու գիշերների ընթացքում ցրտահարության վտանգը դեռևս պահպանվում է»,– ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կրկին հորդորում է գյուղացիական տնտեսություններին առանց խուճապի և հետևողականորեն շարունակել աշխատանքները, հատկապես` ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ: -0-