Հայաստանում ամենից հաճախ ամուսնանում են Վայոց Ձորի բնակիչները, իսկ ամուսնալուծվում` Լոռիում
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պաշտոնապես գրանցված ամուսնությունների քանակը 2016 թ.-ի առաջին եռամսյակում կրճատվել է 2015 թ.-ի համարժեք ցուցանիշի համեմատ, լրագրողներին երկուշաբթի ասաց ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նրա խոսքով, 2016 թ.-ի առաջին եռամսյակում երկրում գրանցվել է 3 հազար 824 ամուսնություն (5,1 պրոմիլե), ինչը 13 տոկոսով ցածր է 2015 թ.-ի համարժեք ցուցանիշից (5,9 պրոմիլե):
«Փաստացի, Հայաստանում 2016 թ.-ի առաջին եռամսյակում հազար քաղաքացու բաժին է ընկել 5 ամուսնություն` ընդդեմ 2015 թ.-ի նույն ժամանակահատվածի վեց ամուսնության դիմաց», - ասաց Կույումջյանը:
Ընդ որում, նա նշեց, որ ամուսնության գրանցման միջին հանրապետական ցուցանիշը կազմել է 5,1 պրոմիլե:
«Միջին հանրապետական ցուցանիշից բարձր ամուսնությունների թվաքանակ նկատվում է Վայոց Ձորում (6,9 պրոմիլե), Գեղարքունիքում (6 պրոմիլե), Կոտայքում (5,3 պրոմիլե), իսկ մնացած մարզերում ամուսնությունների գրանցման ցուցանիշը միջինից ցածր է: Ընդ որում, ամենացածր ցուցանիշը գրանցվել է Շիրակում (4,7 պրոմիլե), Սյունիքում (4,7 պրոմիլե) և Երևանում (4,8 պրոմիլե)», - ասաց Կույումջյանը:
Ինչպես նշել է վիճակագրական ծառայության ներկայացուցիչը, 2016 թ.-ի առաջին եռամսյակում նվազել է նաև ամուսնալուծությունների քանակը` կազմելով 850` 2015 թ.-ի առաջին եռամսյակի 938-ի դիմաց:
«Ընդ որում, հանրապետությունում ամուսնալուծությունների միջին ցուցանիշը կազմել է 1,1 պրոմիլե: Ավելի բարձր ցուցանիշ է գրանցվել ինչպես միշտ Լոռիում (2,6 պրոմիլե), Երևանում (1,2 պրոմիլե), Արագածոտնում (1,2 պրոմիլե): Մնացած մարզերում ամուսնալուծությունների ցուցանիշը միջինից ցածր է, իսկ առավել ցածր ցուցանիշ գրանցվել է Տավուշում (0,5 պրոմիլե), Գեղարքունիքում (0,7 պրոմիլե)», - ասաց Կույումջյանը:
Ընդ որում, նա նշեց, որ անհրաժեշտ է հաշվի առնել նաև ամուսնությունների գրանցման այնպիսի գործոնը, ինչպիսին սեզոնայնությունն է: Նա ընդգծեց, որ տարեվերջին դրանց թիվը կարող է զգալիորեն փոփոխվել: -0-