ՀՀ-ն համահարթեցրել է երեխայի ծննդյան համար նախատեսված միանվագ նպաստի չափը
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երեքշաբթի ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է երեխայի ծննդյան միանվագ նպաստը բոլորի դեպքում՝ անկախ երեխայի կարգաթվից, սահմանել 500 հազար դրամ։
Ինչպես «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը, առաջարկվել է ընտանիքում ծնված 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխային կառավարության կողմից տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստ։
«2021 թվականին, երբ կառավարությունը հաստատեց ծրագիրը, նպատակը ընտանիքներում երրորդ և հաջորդ կարգաթվով երեխաների ծնունդների թվի ավելացումն էր, ինչը և իրականացվեց։ 2018 թվականին ընտանիքներում ծնվել է մոտ 8300 երրորդ և ավելի երեխաներ, 2023 թվականին՝ ավելի քան 12400, 2024 թվականին՝ 12000, ինչը կազմում է ընդհանուր առմամբ 45% աճ և միջին տարեկան 7% աճ», - նշել է Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս առաջին և երկրորդ երեխայի համար վճարվում է 300,000 դրամ, երրորդ և չորրորդի համար՝ 1 միլիոն դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ կարգաթվով երեխաների համար՝ 1.5 միլիոն դրամ։ Սակայն նոր կանոնակարգով առաջարկվում է բոլոր երեխաների համար սահմանել նույն չափը՝ 500,000 դրամ։
Միանվագ ծննդյան նպաստից և երրորդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստից կարող են օգտվել միայն այն դեպքում, երբ երեխան ՀՀ քաղաքացի է։
«Մենք առաջարկում ենք քաղաքացիության պահանջը կիրառել 2026թ հունվարի 1-ից, իսկ համահարթեցման տրամաբանությունը՝ 2026թ սեպտեմբերի 1-ից»,-ասել է նա։
Նախագծերի փաթեթով ներկայացված մյուս առաջարկը կապված է պետական կենսաթոշակների և նպաստների վճարման հետ։
«Խոսքը վերաբերում է անկանխիկի անցման տրամաբանությամբ կենսաթոշակների և նպաստների ամբողջությամբ անկանխիկ եղանակով վճարմանը։ Նախատեսում ենք, որ այն կգործի 2026 թվականին ապրիլի 1-ից»,-ասաց Խաչատրյանը։
Նրա մեջբերած տվյալների համաձայն, ավելի քան 660 հազար կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիներից շուրջ 58 հազարն են, որ ստանում են կանխիկ եղանակով, նրանց համար կառավարությունը կսահմանի սահուն անցման մեխանիզմներ՝ այնպես, որ ապրիլի 1-ից բոլոր վճարումները կկատարեն անկանխիկ եղանակով։