Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Transparency International–ն հարցման արդյունքում պարզել է ՀՀ–ում ամենակոռումպացված գերատեսչություններն ու ոլորտները

21.02.2020, 19:57
Հարցվածներից շատերը կոռուպցիայի դրսևորում անվանեցին այնպիսի երևույթները, ինչպիսիք են մանկավարժներին ծաղիկներ նվիրելը
Transparency International–ն հարցման արդյունքում պարզել է ՀՀ–ում ամենակոռումպացված գերատեսչություններն ու ոլորտները
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ–ում Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի կողմից անցկացված հարցման մասնակիցների մոտ 90%–ը կարծում է, որ կոռուպցիան լուրջ խնդիր է, իսկ 81%–ն անհրաժեշտ է համարում արմատախիլ անել այն։ Այս մասին տեղեկացրեց Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Հարցումն անցկացվել է 2019թ.–ի նոյեմբերից դեկտեմբեր Հայաստանի ողջ տարածքում 18 տարեկանից բարձր 1500 հարցվածների շրջանում։ Հարցման մասնակիցներին տվել են 80–ական հարց։ Թույլատրելի շեղումը կազմում է 2,5%։

«Չնայած կոռուպցիայի մասին ընդհանուր իրազեկվածությանը, հարցվածներից շատերը կոռուպցիայի դրսևորում անվանեցին այնպիսի երևույթները, ինչպիսիք են մանկավարժներին ծաղիկներ նվիրելը, նվիրատվությունները սոցիալական հիմնադրամներին, բժիշկներին նվեր տալը` որպես երախտագիտություն», – նշեց նա։

Նրա խոսքով, հարցվածները նշել են, որ կոռուպցիոն դրսևորումների հիմնական պատճառներից են ինչ–որ ընթացակարգեր արագացնելու ցանկությունը (26,7%), խնդրի լուծման իրավական ճանապարհի բացակայությունը (16,1%), օրենքով նախատեսվածից ավելի քիչ ծախսելու ցանկությունը (14,4%)։

Հարցվածները նշել են, որ ամենակոռումպացված ատյանները դատարաններն ու Գլխավոր դատախազությունն են (համապատասխանաբար 49% և 43%), առողջապահության ոլորտը (հարցվածների երկու երրորդը)։ Հարցվածների կարծիքով, բնավ չկոռումպացված են վարչապետը (75%) և նախագահը (57%)` նրանց աշխատակազմերով, ինչպես նաև կոմունալ ծառայությունները։

«Հարցվածների ընդամենը 7,8%–ը կարծում է, որ ներկա իշխանությունների օրոք Հայաստանում չկա կառուպցիա, իսկ 36%–ը նշել է, որ կոռումպացված են որոշ ոլորտներ։ Հարցվածների մեծ մասը վստահ է, որ կոռուպցիան կրճատվում է։ Միաժամանակ հարցվածների 43%–ը կոռումպացված է համարում միջին օղակի, 26%–ը` ստորին օղակի և 16%–ը` բարձր օղակի պաշտոնյաներին», – նշեց Այվազյանը։

Հասարակական սեգմենտում կոռուպցիայի հիմնական պատճառների թվում հարցվածները նշել են անհաջող կադրային նշանակումները (26,4%), նախկին իշխանությունների ճնշումը կամ նրանց ներկայացուցիչների սաբոտաժը (14,4%) և փորձի բացակայությունը (14%)։

Ինչպես նշեց Այվազյանը, կոռուպցիոն դրսևորումների դեպքում հարցվածների 19,3%–ը կդիմեն ոստիկանություն, 10,9%–ը` վարչապետին, իսկ 5%–ը` Մարդու իրավունքների պաշտպանին։

Միաժամանակ Կոռուպցիայի դեմ պայքարի 2019–2022թ.–ի ռազմավարության մասին իրազեկված է հարցվածների միայն 16%–ը, իսկ 94,3%–ը չգիտի կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող ծրագրերի և կազմակերպությունների մասին։–0–