Վարորդական վկայականի ֆիզիկական տարբերակի կարիք այլևս չկա․ Արփինե Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/ԱՌԿԱ/․ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացրել է վարորդական իրավունքի և տրանսպորտային միջոցների, դրանց հաշվառման գործընթացին փոխկապակցված գործընթացների թվայնացման աշխատանքները։
Քննարկմանը ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սարգսյանը նշել է, որ վարորդական իրավունքն ու հաշվառման վկայագիրը թվայնացվել են և այլևս ֆիզիկապես փաստաթղթերը պահելու կարիք չկա, եթե վարելու իրավունքը վավեր է։
Քննարկմանը ներկայացվել է car.mia.gov.am հարթակը, որը արժանացել է «Նորարարական նախագիծ» մրցանակին, որի միջոցով թվային հարթակներում կատարված գործարքների թիվը կազմել է մոտ 600։
Ի պատասխան վարչապետի հարցին՝ նախարարը պարզաբանել է, որ յուրաքանչյուրը կարող է մուտք գործել իր օգտահաշիվ և տեսնել իր թվային վարորդական վկայականը։
«Հաշվառման վկայագրերը ևս թվայնացված են։ Եթե, օրինակ, պարեկը նախկինում տուգանում էր ֆիզիկական վարորդական վկայականի պլաստիկ քարտը չունենալու համար, այժմ որևէ վարչարարություն չի կատարվում․ստուգվում է՝ ունի՞ վարորդական իրավունք, թե՝ ոչ։ Վարորդական վկայականի ֆիզիկական տարբերակի կարիքն այլևս չունենք»,– ասել է Արփինե Սարգսյանը՝ ավելացնելով, որ ֆիզիկական տարբերակի կարիքն անձը կունենա միայն Հայաստանից դուրս գտնվելիս, ներպետական ընթացակարգերի համար թվային տարբերակը բավարար է։