Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանը հաղթանակի հնարավորություններ ունի պորտուգալացիների հետ խաղում. Սանտուշ

12.06.2015, 20:48
Հայաստանը հաղթանակի հնարավորություններ ունի Եվրոպայի 2016 թ.–ի առաջնության ընտրական փուլի շրջանակում նախատեսված պորտուգալացիների հետ խաղում, լրագրողներին հայտարարեց Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Ֆերնանդու Սանտուշը ուրբաթ Երևանում հանդիպումից առաջ կազմակերպված ճեպազրույցի ընթացքում։
Հայաստանը հաղթանակի հնարավորություններ ունի պորտուգալացիների հետ խաղում. Սանտուշ
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը հաղթանակի հնարավորություններ ունի Եվրոպայի 2016 թ.–ի առաջնության ընտրական փուլի շրջանակում նախատեսված պորտուգալացիների հետ խաղում, լրագրողներին հայտարարեց Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Ֆերնանդու Սանտուշը ուրբաթ Երևանում հանդիպումից առաջ կազմակերպված ճեպազրույցի ընթացքում։

2016 թ.–ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստան–Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 13–ին ժամը 20։00–ին Երևանի Հանրապետական մարզադաշտում։

«Մենք եկել ենք Հայաստան հաղթելու։ Սակայն ցանկացած խաղում մրցակիցը միշտ հաղթելու հնարավորություն ունի։ Հայկական թիմի հետ անցկացված բոլոր հինգ հանդիպումներում մենք խնդիրներ ենք ունեցել, անգամ այն ժամանակ, երբ հաղթել ենք», – ասաց Սանտուշը։

Նա նշեց, որ մի փոքր մտահոգ է վաղը նախատեսված խաղի կապակցությամբ, չնայած չի կասկածում, որ Պորտուգալիայի հավաքականը կհասնի հաջողության։

«Վերջին շրջանում հայկական թիմը փոխել է իր մարտավարությունը։ Նրանք ավելի պաշտպանողական ֆուտբոլ են խաղում, ինչը մրցակցին լուրջ անհարմարություններ է ստեղծում», – կարծում է պորտուգալացիների մարզիչը։

Խոսելով Վրաստանում անցկացված մարզական հավաքի մասին` Սանտուշը նշեց, որ Պորտուգալիայի հավաքականը որոշել է հավաքն անցկացնել Վրաստանում, քանի որ այն գտնվում է Հայաստանի հետ նույն ժամանային գոտում։ «Եթե մենք հանդիպում ունենայինք Վրաստանի հավաքականի հետ, ապա, ամենայն հավանականությամբ, հավաքը կկազմակերպեինք Հայաստանում», – նշեց մարզիչը։

Ընտրական խմբում Հայաստանի հավաքականը մեկ միավորով կիսում է վերջին տեղը Սերբիայի հավաքականի հետ։ Սակայն հայ ֆուտբոլիստներն անցկացրել են չորս հանդիպում` մեկ հանդիպումով ավել, քան սերբերը։

Ւնը միավորով խմբի առաջատարը Պորտուգալիայի հավաքականն է, յոթական միավոր են վաստակել Ալբանիայի (3 հանդիպում) և Դանիայի (չորս հանդիպում) հավաքականները։–0–