ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը ծանոթացել են COVID-19-ի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը ծանոթացել են շարժական լաբորատորիայի աշխատանքներին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ապրիլի 11-ին ծանոթացել են Երևանում բացազատված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին:
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է շարժական լաբորատորիան սպասարկող անձնակազմի հետ, ծանոթացել առաջին նմուշառումների արդյունքներին, նախապես վարակազերծված լաբորատորիայում հետաքրքրվել դրա հնարավորություններով»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Շարժական լաբորատորիան ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել երկու պետությունների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:
Հայտարարության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցելու, ինչպես նաև հայ գործընկերներին այդ ոլորտում իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանում են նաև ՌԴ զինված ուժերի մասնագետները:
«ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության սպաները ռուս գործընկերների հետ արդեն իրականացնում են լաբորատոր հետազոտություններ, անցկացնում վերապատրաստման պարապմունքներ, քննարկումներ ընթացիկ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։
Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կարող է հետազոտություններ իրականացնել ցանկացած տեղանքում և եղանակային բարդ պայմաններում՝ ապահովելով իրականացվող ստուգումների 99% ճշգրտություն»,- նշում են գերատեսչությունից:
Ապրիլի 11–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 977 դեպք, բուժվել է 173 մարդ, 13 մարդ, ցավոք, մահացել է։–0–