Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Բոլիվիան հետաքրքրված է հայկական պլանշետներով և սմարթֆոններով

27.04.2017, 15:48
Բոլիվիայի առաջին պաշտոնական պատվիրակությունը կայցելի Հայաստան մայիսի 21-28-ը:
Բոլիվիան հետաքրքրված է հայկական պլանշետներով և սմարթֆոններով

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Բոլիվիայի առաջին պաշտոնական պատվիրակությունը կայցելի Հայաստան մայիսի 21-28-ը, հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը:

Բոլիվիայի պատվիրակության ներկայացուցիչները Հայաստանում մի շարք հանդիպումներ կունենան իրենց հայ գործընկերների հետ, ինչպես նաև համագործակցության հուշագիր կստորագրեն:

Այցի շրջանակում Բոլիվիայի պատվիրակությունը կհանդիպի նաև հայկական սմարթֆոններ և պլանշետներ արտադրող «Technology and Science Dynamics» ընկերության ղեկավարների հետ, ինչպես նաև կքննարկվեն հայկական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում մի շարք նախաձեռնությունների իրականացումը:

Նախարարությունից նշել են, որ Բոլիվիան հետաքրքրված է հայկական սմարթֆոնների և պլանշետների ներկրման հնարավորությամբ, ինչպես նաև հայկական ՏՀՏ արտադրանքի ներկրման վերաբերյալ մի շարք համաձայնագրերի ստորագրմամբ:

Technology and Science Dynamics Inc.–ը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին և զբաղվում է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրությամբ: Ընկերությունը տեղական սպառողին ներկայացրել է առաջին հայկական պլանշետը (Armtab) և առաջին հայկական սմարֆոնը (Armphone): Ավելի ուշ ընկերությունը գրանցվել է Ազատ տնտեսական գոտում և արտադրություն է սկսել ոչ միայն տեղական, յալ նաև` արտասահմանյան շուկաների համար: Նախնական տվյալներով, հայկական պլանշետների արտադրության մեջ կատարված ներդրումները կազմել են ավելի քան 3 մլն դոլար: -0-