Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում առաջիկա ամիսներին սննդի և դեղորայքային փորձաքննության ժամանակակից լաբորատորիա կգործի

26.10.2012, 16:43
Հայաստանում առաջիկա երկու ամիսների ընթացքում կսկսի գործել «Տոնուս Լես» ընկերության «FDA LAB» սննդի և դեղորայքային փորձաքննության ժամանակակից լաբորատորիան, հայտնեց ընկերության ղեկավար Լևոն Հակոբյանը։
Հայաստանում առաջիկա ամիսներին սննդի և դեղորայքային փորձաքննության ժամանակակից լաբորատորիա կգործի
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում առաջիկա երկու ամիսների ընթացքում կսկսի գործել «Տոնուս Լես» ընկերության «FDA LAB» սննդի և դեղորայքային փորձաքննության ժամանակակից լաբորատորիան, հայտնեց ընկերության ղեկավար Լևոն Հակոբյանը։
Նոր լաբորատորիայի հնարավորություններին ուրբաթ ծանոթացան Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։

Լաբորատորիան թույլ է տալիս անցկացնել, մասնավորապես, դեղորայքի, ծխախոտի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ջրի, հյութերի, կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև մանկական սննդի փորձաքննություններ։

«Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում մենք կստանանք տեղական արտոնագիր, ինչից հետո արդեն կկարողանանք լաբորատոր ծառայություններ մատուցել բոլոր ցանկացողներին»,– ասաց Հակոբյանը։
  
Նա միաժամանակ նշեց, որ լաբորատորիայի հիմնական նպատակը միջազգային ISO17025 լիցենզիա ստանալն է, որը թույլ կտա լաբորատորիային միջազգային մակարդակով ծառայություններ մատուցել։

Լաբորատորիայի ղեկավարի խոսքով, դա հայ արտահանողների համար կդառնա «պատուհան դեպի Եվրոպա», քանի որ եվրոպական շուկա արտադրանք արտահանելու համար եվրոպական լաբորատորիաներում որակի համապատասխան փորձաքննություն է անհրաժեշտ։

«Մենք նմանատիպ փորձաքննություններ անցկացնելու հնարավորություն կընձեռենք մեր երկրում, ինչն արտահանողներին ինչպես ժամանակ, այնպես էլ միջոցներ տնտեսելու հնարավորություն կտա»,– ասաց Հակոբյանը։

Նա ավելացրեց, որ միջազգային արտոնագիրը ստանալուց հետո լաբորատորիան բացառիկ կդառնա տարածաշրջանում։
 
Հակոբյանն ընդգծեց, որ միջազգային արտոնագիր ստանալը բարդ գործընթաց է, բայց լաբորատորիան նախագծվել և կառուցվել է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, այդ պատճառով պետք է խնդիրներ չառաջանան։

«Մեր թիմը խոստացել է անել հնարավորինը տարվա ընթացքում արտոնագիր ստանալու համար, բայց դա շատ բարդ խնդիր է»,– ասաց Հակոբյանը։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ կառավարության նպատակը փորձաքննական նմանատիպ լաբորատորիաների ցանց ստեղծելն է։

Լաբորատոր նորագույն սարքավորումների գնման ծախսերն ընկերությունում արդեն գերազանցել են 470 մլն դրամը։ Ընդհանուր առմամբ, լաբորատորիայի կառուցման, այդ թվում` սարքավորումներ ձեռք բերելու համար կատարված ներդրումները կազմել են 1.3 մլրդ դրամ։

«Տոնուս–Լես» ընկերությունը հիմնվել է 2000 թվականին։ Ընկերությունը Հայաստանում դեղորայքի և բժշկական պարագաների խոշորագույն ներկրողներից է։ Այս պահին ընթանում է ISO 9001-2008 միջազգային ստանդարտի արտոնագիր ստանալու գործընթացը։ -0-