Մայքրոսոֆթը կմասնակցի ՏՏ խթանմանն ուղղված կրթական ծրագրերին
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների խթանմանը միտված ԿԳՆ ծրագրերն են քննարկվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանի հանդիպման ընթացքում, հայտնում է Հայաստանի կրթության և գիտության պաշտոնական կայքը։
Նախարարը շեշտել է, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության կողմից դիտարկվում է որպես գերակա ուղղություն, կարևորելով կրթության և գիտության նախարարության համագործակցությունը ոլորտի առաջատար ընկերությունների հետ:
Մասնավորապես, ըստ հաղորդագրության, որոշ ավագ դպրոցներում ՀՀ ԿԳՆ-ի, «Վիվասել ՄՏՍ», «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունների համագործակցությամբ մեկնարկել է միկրոէլեկտրոնիկայի զարգացման միջազգային ծրագիր, որի շրջանակում դպրոցներում փորձնական ներդրվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հեռահաղորդակցության հիմունքներ» և «Միկրոէլեկտրոնիկա» առարկաների ուսուցումը:
Ըստ նախարարի, գալիք տարում նախատեսվում է ծրագրի ընդլայնում, բացի այդ, Աշոտյանը ծրագիրը կներկայացնի հունվարին Լոնդոնում կայանալիք Գլոբալ կրթական ֆորումին:
Մայքրոսոֆթ ընկերության ներկայացուցիչները հանդիպման ընթացքում իրենց առաջարկությունն են ներկայացրել՝ առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու պետական ծրագրում մասնակցություն ունենալու վերաբերյալ:
Նախարարը տեղեկացրել է, որ պետության կողմից «Մեկ աշակերտին` մեկ համակարգիչ» ծրագիրը Վայոց Ձորի մարզում արդեն մեկնարկել է.
«Կրթության և գիտության նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի լինեն մի քանի առաջարկներ, և մենք հնարավորություն ունենանք մրցակցության արդյունքում կատարել ավելի լավ ընտրություն»,- նշել է Ա. Աշոտյանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Մայքրոսոֆթ ընկերության կողմից ամբողջական առաջարկություն ներկայացնելու, ինչպես նաև փորձնական ծրագրում ընդգրկվող դպրոցների ցանկը ճշգրտելու վերաբերյալ:
Այս ընթացքում ընկերությունը, համագործակցելով ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ, աշխատանքներ կտանի համակարգիչների տեխնիկական պարամետրերի և կրթական բովանդակության համապատասխանեցման, ինչպես նաև հայաֆիկացման ուղղությամբ: -0-