ՀՀ–ում ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից ամրագրումների քանակն օգոստոսին աճել է 42%–ով․ հետազոտություն
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի օգոստոսին ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից Հայաստանում կացության օբյեկտների ամրագրումների քանակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 42%-ով: Այս մասին վկայում են «Ինգոսստրախ» ընկերության և հյուրանոցների ու ապարտամենտների առցանց ամրագրման «Островок» ծառայության համատեղ հետազոտության տվյալները, որոնք մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Հայաստանը նաև ներառվել է օգոստոսի ամրագրումների քանակով ռուսաստանցի ճանապարհորդների շրջանում առավել հանրաճանաչ արտասահմանյան ուղղությունների տասնյակում: Բացի դրանից, լավագույն տասնյակում ընդգրկվել են Բելառուսը, Աբխազիան, Վրաստանը, Թուրքիան, Ղազախստանը, Իտալիան, Ուզբեկստանը, Չինաստանը և Ճապոնիան:
Տարածաշրջանի երկրների շարքում ամրագրումների քանակի աճի ավելի բարձր տեմպեր են արձանագրվել Ադրբեջանում՝ 49%: Վրաստանում ցուցանիշն աճել է 40%-ով, Ղազախստանում՝ 30%-ով, Ուզբեկստանում՝ 29%-ով, Աբխազիայում՝ 26%-ով: