«Երկնագույն խաղանիշեր». ինչպես գնել «էլիտար» բաժնետոմսեր

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ներդրողները, որպես կանոն, ձգտում են հասնել ավելի մեծ շահույթի նվազագույն ռիսկով։ Շուկայի առաջատարների բաժնետոմսերը համարվում են պորտֆելի ամրապնդման համեմատաբար օպտիմալ և փորձված միջոց: Ներդրումների միջավայրում դրանց անվանում են «Երկնագույն խաղանիշեր» (Голубые фишки)։ Այժմ կպատմենք «երկնագույն խաղանիշերի» առանձնահատկությունների և այն մասին, թե ինչպես գտնել դրանք և գնման դեպքում ինչին ուշադրություն դարձնել։
Երկնագույն խաղանիշեր
Դրանք խոշոր ընկերությունների բաժնետոմսեր են, որոնք ապացուցել են, որ իրավամբ կարող են համարվել ֆոնդային շուկայի երկարամյա առաջատարներ։ Անվանումը փոխառված է պոկերից։ Այնտեղ երկնագույն խաղանիշն օգտագործվում է ամենախոշոր խաղադրույքի համար։
Երկնագույն խաղանիշերն այն ընկերությունների բաժնետոմսերն են, որոնք ունեն հետևյալ առանձնահատկությունները.
- Բարձր շուկայական արժեք (կապիտալացում) – շրջանառվող բաժնետոմսերի քանակը բազմապատկած արժեքով։ Կապիտալացման պայմանական շեմը կախված է երկրից: Այսպես, ԱՄՆ-ում երկնագույն խաղանիշերի թողարկողները, որպես կանոն, առնվազն 10 միլիարդ դոլար շուկայական արժեք ունեցող ընկերություններն են: Սակայն, նրանց շարքերը հաճախ համալրում են փոքր կապիտալիզացիայով բարձր կարգավիճակ ունեցող դերակատարները։
- Շուկայում հաստատված դիրք- ընկերությունները տարիներ շարունակ գործունեություն են ծավալում և իրենց հատվածի խոշոր բաժինն են զբաղեցնում։
- Կայունություն- երկնագույն խաղանիշերի թողարկողները երկար ժամանակ պահպանում են ֆինանսական բարձր ցուցանիշներ, որոշ դեպքերում՝ տասնամյակներ։ Նրանք ավելի դիմացկուն են շուկայական ճգնաժամերին և ավելի արագ են վերականգնվում: Այդ պատճառով երկնագույն խաղանիշերը համարվում են համեմատաբար անվտանգ ներդրումների համար։
- Հայտնիություն - Եվ ֆոնդային շուկայի նորեկները, և նրանք, ովքեր վաղուց են ներդրումներ կատարում արժեթղթերում, գիտեն տեղական շուկայի առաջատարների մասին և հետաքրքրված են նրանց արժեթղթերով։ Նման ընկերությունների բիզնեսը մասշտաբային նախագծեր են, որոնք հաճախ կարևոր դեր են խաղում ազգային և միջազգային տնտեսության մեջ։
Երկնագույն խաղանիշերում ներդրում կատարելու առավելությունները
Առաջին հերթին, դա.
-Հուսալիությունն է։ Կարգավիճակ ունեցող թողարկողները, որոնք ունեն հստակ ընթացող բիզնես գործընթացներ, ավելի քիչ են հակված սնանկացման, քան մյուսները: Հաճախ ազգային բյուջեի զգալի մասը հիմնված է արդյունաբերական կամ գյուղատնտեսական ոլորտի խոշոր ընկերությունների շահույթի վրա։ Պետությունը չի կարող թույլ տալ, որ նման դերակատարները սնանկանան, այդ պատճառով մշտապես նրանց աջակցություն է ցուցաբերում։
-Ցածր փոփոխականությունը։ Շուկայական սպեկուլյացիաները քիչ ազդեցություն ունեն երկնագույն խաղանիշերի գնի վրա։ Հետևաբար, դրանցում կատարված ներդրումները նվազեցնում են պորտֆելի կրճատման ռիսկը:
-Բարձր իրացվելիություն։ Երկնագույն խաղանիշերը հեշտ է գնել և վաճառել, որովհետև ներդրողները և հիմնադրամներն ընտրում են նման գործիքներ։
-Դիվիդենտներ։ Երկնագույն խաղանիշերի թողարկողներն ընկերություններ են, որոնք իրենց սեգմենտում ունեն զգալի ազդեցություն և ավարտել են աճի փուլը։ Նրանք հետևողականորեն շահույթ են ստանում և վճարում են բաժնետերերին։
Երկնագույն խաղանիշերում ներդրումներ կատարելու թերությունները
-Պետք չէ սպասել, որ երկնագույն խաղանիշերի արժեքը մի քանի անգամ կավելանա։ Այն թողարկող դերակատարներն իրենց սեգմենտում արդեն զբաղեցրել են բարձր դիրքեր և անցել են արագ զարգացման փուլը։ Երկնագույն խաղանիշերի շարքում աճի ամենամեծ ներուժը պահպանում են տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը։
- Երկնագույն խաղանիշերի դիվիդենտները կայուն են, բայց դրանք հաճախ ավելի քիչ են, քան երկրորդ կարգի բաժնետոմսերի վճարումները: Դա հիմնականում վերաբերում է տեխնոլոգիական ընկերությունների արժեթղթերին, քանի որ նրանք շահույթը ներդնում են զարգացման մեջ։
-Շուկայում երկնագույն խաղանիշերը, որոնք գործում են հումքային ոլորտում, տարբերվում են բավականին խոշոր դիվիդենտներով։ Միևնույն ժամանակ, թողարկողներն ավելի շատ են հակված արտաքին տնտեսական ռիսկերին և կարող են բախվել միջազգային պատժամիջոցների, ինչը բացասաբար կանդրադառնա շահույթի վրա։
Ինչպես հասկանալ՝ բաժնետոմսը համարվու՞մ է երկնագույն խաղանիշ, թե՞ ոչ
Դա անելու համար հարկավոր է դիմել կարգավիճակային ինդեքսներին՝ Dow Jones՝ ԱՄՆ-ում, Nikkei՝ Ճապոնիայում, FTSE 100՝ Մեծ Բրիտանիայում, MSCI Europe՝ Եվրոպայում:
Որոշ ազգային բորսաներ ստեղծում են նաև ինդեքսներ և կայքեր, որոնք հետևում են տեղական շուկայի առաջնակարգ բաժնետոմսերին (Տոկիո և Մոսկվա):
ԱՄՆ-ի երկնագույն խաղանիշերը ներառում են այն ընկերությունների արժեթղթերը, որոնք տասնամյակներ շարունակ հետևողականորեն վճարում և ավելացնում են շահաբաժինները՝ Dividend Achievers (10 տարուց սկսած), Dividend Aristocrats (25 տարուց սկսած) և Dividend Kings (50 տարուց սկսած): Դրանք կարելի է գտնել՝ կողմնորոշվելով հատուկ ինդեքսների և կայքերի վրա: Այսպես, դիվիդենտային արիստոկրատների բիզնեսին հետևում է SPDAUDP ինդեքսը:
Կան արժեթղթերի «սքրիներներ»՝ կայքեր, որտեղ կարելի է բաժնետոմսեր որոնել՝ ըստ ձեզ հետաքրքրող չափանիշների: Երկնագույն խաղանիշերի դեպքում հարմար է կապիտալիզացիայի և ընկերության տարիքի (20 տարեկանից) պարամետրեր սահմանել։
Ինչպե՞ս ներդրում կատարել երկնագույն խաղանիշերում
Առաջինը, ուղղակի ներդրում կատարել առանձին ընտրված ընկերությունների բաժնետոմսերում։ Երկրորդը, գնել ETF հիմնադրամի մասնաբաժին, որը ներառում է երկնագույն խաղանիշեր։
Ի՞նչ նրբություններ կան
Արտասահմանյան ընկերությունների արժեթղթերին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ կլինի օտարերկրյա բրոքեր և/կամ որակավորված ներդրողի կարգավիճակ։
Կարգավիճակային թողարկողների արժեթղթերի գների միջակայքը բավականին լայն է։ Բաժնետոմսը կարող է արժենալ մի քանի դոլարից մինչև հարյուրավոր դոլարներ։
Եզրակացություն
Երկնագույն խաղանիշերում կատարված ներդրումը նվազեցնում է ներդրումային ռիսկն արժեթղթերի ցածր անկայունության և բարձր իրացվելիության, ինչպես նաև շուկայի անկումների և «բումերի» նկատմամբ թողարկողների դիմացկունության հաշվին։
Միաժամանակ ընկերությունների հատուկ կարգավիճակի և կայունության պատճառով նրանք ունենում են աճի որոշակի շեմ։ Այդ պատճառով երկնագույն խաղանիշերը դժվար թե թանկանան մի քանի անգամ։
Երկնագույն խաղանիշեր ընտրելիս ներդրողները հաճախ հույս ունեն, որ կստանան մեծ շահաբաժիններ։ Սակայն դրանք երաշխավորված չեն և կախված են ընկերության քաղաքականությունից և շուկայի կառուցվածքից։
Երկնագույն խաղանիշերի գնումը լավ ճանապարհ է պորտֆելի դիվերսիֆիկացման համար։ Սակայն, ինչպես ցանկացած գործիք, նման բաժնետոմսերն ունիվերսալ լուծում չեն բոլոր ֆինանսական խնդիրների համար։
Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում: